«Խեցգետնի արևադարձը». արգելված գլուխգործոց՝ հայերենով, հայ ընթերցողի համար
Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ձմեռային այգում տեղի ունեցավ «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարի առաջին գրքի շնորհանդեսը:
Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ հայ ընթերցողի դատին է հանձնվել ամերիկացի մեծանուն գրող Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» սկանդալային վեպի հայերեն հրատարակությունը:
Շնորհանդեսը ևս առանձնանում էր՝ անչափահասների մուտքն արգելված էր, սահմանված էր 30-ականների ոճով dress-code (այն շրջանի, երբ լույս էր տեսել բնագիրը), իսկ միջոցառման ընթացքում էլ ներկայացվեցին երաժշտական, պարային, թատերական կատարումներ:
«Անտարեսի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը խոստացավ, որ այսուհետ գոնե ամեն ամիս կփորձեն նոր գիրք հրամցնել հայ ընթերցողին:
Վեպը բնորոշվում է որպես «արդի գրականության անկյունաքարային գործերից մեկը», որը պատմում է ամերիկացի գրողի փարիզյան սեքսուալ արկածների մասին: Հենց այս՝ 30 տարի արգելված վեպի արգելքի հանման դատական որոշումն է ժամանակին փոխել ամերիկյան գրաքննության չափանիշները:










