Հայաստանի ունեցած միակ ռեսուրսը ուղեղն է, որը պետք է ճիշտ օգտագործել ու ճիշտ արտահանել. Արեգ Միքայելյան

15:14 • 07.12.12

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ուղեղների արտահոսքի մասին, կարծիք հայտնեց, որ Հայաստանի ունեցած միակ ռեսուրսը ուղեղն է, որը ճիշտ պետք է կարողանալ օգտագործել ու նաև ճիշտ ձևով արտահանել:


«Նախորդ տարի մեր ունեցած տվյալներով Հայաստանից գնացել է 36 մտավորական, ուսանողներ, որոնցից շատ քչերն են վերադարձել: Ուղեղների արտահոսքի պատճառ կարող է դառնալ որակյալ կադրերի ոչ նպատակային օգտագործումը, քանի որ նրանցից շատերը գնում են արտասահման ավելի ցածր աշխատանք անելու, բայց ավելի բարձր աշխատավարձով»,- ասաց Արեգ Միքայելյանը:


Բանախոսի կարծիքով ուղեղների արտահոսքը կանխելու համար պետական քաղաքականությունը պետք է այնպես վարել, որ տեղում գնահատվեն որակյալ կադրերը, ջանքեր գործադրվեն նրանց պահելու համար:

 

 

«Մարդիկ ինքնադրսևորվելու համար այլ երկրներ են գնում, քանի որ Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել: Ոչ մի ուրիշ գործոն չի կարող ավելի լավ ապահովել պետության կայունությունը, քան մարդկային ռեսուրսը»,- ասաց Արեգ Միքայելյանը:


Հայկական աստղագիտական ընկերության համանախագահի կարծիքով, բացի այն, որ մեր երկրում չենք ապահովում նորմալ աշխատատեղեր, Հայաստանում նույնիսկ բացակայում է կոորդինացված քաղաքականությունը, թե տարեկան քանի մասնագետ ենք պատրաստում:


«Բուհեր ավարտած երիտասարդները հաճախ ավելցուկ են տալիս, քանի որ աշխատատեղ չկա, կա նաև դրա հակառակ երևույթը, երբ մասնագետի պակաս է լինում: Մարդկանց նկատմամբ հոգ տանող չկա, դրա համար այդ մարդը մնում է իր բախտի քմահաճույքին, և առանց նորմալ հրավերի հենց այնպես գնում են ուրիշ երկիր` տեսնեն ինչ կստացվի: Եվ մեծ մասամբ նրանք շատ վատ արդյունքների են հասնում»,- ասաց Արեգ Միքայելյանը:


Ուղեղների արտահոսքի միակ դրական կողմը բանախոսը առանձնացրեց այն, որ եթե մտավոր աշխատանքի մեկնողները վերադառնան Հայաստան, իրենց հետ կբերեն «ավելի շատ ուղեղ»:

 

Հայաստանի ունեցած միակ ռեսուրսը ուղեղն է, որը պետք է ճիշտ օգտագործել ու ճիշտ արտահանել. Արեգ Միքայելյան