National Geographic-ն աճուրդում 3,8 մլն դոլար արժողությամբ լուսանկարներ և կտավներ է վաճառել
Նյու Յորքում Christie's-ում կայացած աճուրդը, որտեղ վաճառքի են հանվել հայտնի ամերիկյան National Geographic ամսագրի արխիվային լուսանկարներն ու կտավները, կազմակերպիչներին բերել է գրեթե 3,8 մլն դոլար, հայտնում է newsru.com-ը։
Christie's-ի ներկայացուցիչների խոսքով՝ դեկտեմբերի 6-ին կայացած աճուրդում վաճառվել է 185 նմուշ՝ լուսանկարներ, որոնք արվել են 19-րդ դարից մինչ մեր օրերը, ինչպես նաև նկարներ և արվեստի այլ գործեր։
National Geographic-ը պատմության մեջ առաջին անգամ էր աճուրդի հանում իր արխիվի մի մասը։ Հավաքորդների ուշադրությունը, ինչպես և սպասվում էր, գրավել է ամերիկացի ֆոտոլրագրող Սթիվ Մաքքարիի «Աֆղանստանցի աղջիկը» լուսանկարը, որը հայտնվել էր ամսագրի շապիկին 1985թ.։ Այն վաճառվել է 178,9 հազար դոլարով, ինչը գերազանցել է նրա նախնական արժեքը գրեթե 4 անգամ։ Այդ 12-ամյա կանաչաչյա աֆղանստանցի փախստականի լուսանկարը համարվել է ամենաճանաչելին ամսագրի ողջ պատմության ընթացքում։
Եվս մեկ թանկարժեք նմուշ է դարձել ամերիկացի նկարիչ Նյուել Կոնվերս Ուայեթի «Մենամարտ ափին» կտավը, որը պատկերում է երկու ծովահենների մենամարտը։ Այն վաճառվել է 1 մլն դոլարով։










