Դերասան Սթիվեն Բոլդուինը հայտնվել է մեղադրյալների աթոռին՝ հարկերը չվճարելու համար
Նյու Յորքում ձերբակալվել է հոլիվուդյան դերասան Սթիվեն Բոլդուինը՝ 350 հազար դոլարի հարկ վճարելուց խուսափելու համար, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։
46-ամյա Բոլդուինին 4 տարվա ազատազրկում է սպառնում հարկային հայտարարագրերը ժամանակին չձևակերպելու և 2008, 2009 և 2010թ. հարկերը չվճարելու համար։
Նյու Յորքի Ռոքլենդ շրջանի դատարանում Բոլդուինը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և «համագործակցում է նահանգի հարկային ծառայության հետ»։
Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ հաջորդ դատական լսմանը, որը տեղի է ունենալու փետրվարի 5-ին, ներկայանալու պայմանով։
«Ես հանցագործություն չեմ կատարել»,- ասել է դերասանը՝ նշելով, որ արդեն իշխանություններին է փոխանցել 100 հազար դոլարի կտրոն՝ հարկային պարտքերը մասնակի մարելու համար։










