Աշխարհի վերջի մասին լուրերը չարաշահվում են. աստղագետ

16:21 • 07.12.12

Դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջ չի սպասվում, այդ մասին լուրերը անընդհատ չարաշահվում են: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:


«Վերջին 12 տարում 4 անգամ աշխարհի վերջ ենք ունեցել: Ով հավես ունի, ասում է աշխարհի վերջն է լինելու: Սա էլ մայաների օրացույցով է, մի հատ էլ կարելի է աստեկների, ինկերի օրացույցով աշխարհի վերջ ասել»,- ասաց Արեգ Միքայելյանը:


Բացի աշխարհի վերջի մասին կանխատեսումները, խոսակցություններ են շրջանառվում նաև մոլորակների հետ դեկտեմբերի 21-ին ինչ-որ արտասովոր երևույթ տեղի ունենալու մասին: Արեգ Միքայելյանի կարծիքով մոլորակների հետ ոչինչ տեղի չի ունենալու, դա էլ է հորինաված:


«Գոյություն ունի մոլորակների շքերթ, երբ նրանք դասավորվում են իրար մոտ և շատ գեղեցիկ տեսարան է լինում, բայց այս անգամ այդպիսի բան չի լինելու, և դեկտեմբերի 21-ին մոլորակների շքերթ էլ չի սպասվում: Բացի այդ, ասում են, որ իրենց տեղերով փոխվելու են հյուսիսայինն ու հարավային բևեռները, որը նույնպես բացարձակապես անհեթեթություն է, այդպիսի բան հնարավոր չէ»,- ասաց Արեգ Միքայելյանը:


Դեկտեմբերի 21-ի վերաբերյալ եղած բոլոր կանխատեսումներից աստղագետը ճշմարտությանը փոքր-ինչ մոտ համարեց արեգակի ակտիվության մասին լուրերը:


«Ասում են արեգակի ակտիվության առավելագույն փուլն է լինելու, բայց այն սպասվում է 2013 թվականի գարնանը: Դա 11-ամյա ցիկլ է: Եվ կանխատեսումների մեջ միակ ճիշտ բանն է»,- ասաց Արեգ Միքայելյանը:
 

Աշխարհի վերջի մասին լուրերը չարաշահվում են. աստղագետ