«Վեստա» աստերոիդի վրա ջրի հետքեր են հայտնաբերվել
ԱՄՆ-ի տիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի աշխատակիցները Dawn միջմոլորակային զննաձողի օգնությամբ «Վեստա» աստերոիդի մակերևույթի վրա հայտնաբերել են ակոսներ, որոնք, ըստ ամենայնի, առաջացել են ջրի հոսքի արդյունքում, գրում է Взгляд-ը։
Զննաձողի արած լուսանկարները ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում կայացած Ամերիկյան երկրաֆիզիկական միության հանդիպման ընթացքում։ Ինչպես պատմել են հետազոտողները, «Վեստա»-ի որոշ խառնարանների պատերի վրա հայտնաբերվել են երկար և բարակ ակոսներ, որոնք անչափ նման են երկրային ակոսներին, որոնք առաջանում են ջրի հոսելու արդյունքում։
Մասնագետները նշում են, որ նշված աստերոիդի վրա բացակայում է ձգողականության ուժը, ինչի պատճառով ջուրը չի կարող երկար ժամանակ մնալ դրա մակերևույթի վրա։ Սակայն երկնային մարմինն այնքան սառն է, որ չի բացառվում, որ ջուրը կարող է սառույցի տեսքով գոյություն ունենալ նաև մակերևույթի տակ միլիարդավոր տարիներ շարունակ։
530 կմ տրամագծով «Վեստա»-ն, որը Մարսի և Յուպիտերի միջև ընկած՝ իր մեծությամբ 2-րդ աստերոիդն է, արդեն 200 տարի գտնվում է աստղագետների ուշադրության ներքո։ Սակայն նախքան Dawn-ի արշավը, մասնագետները հստակ տեղեկություններ չունեին աստերոիդի մակերևույթի վերաբերյալ։










