«ArmNet 2012»-ը ամփոփում է արդյունքները
«ArmNet 2012» նախագիծն այսօր ամփոփում է իր արդյունքները: Վեբ տեխնոլոգիաներին ու ինտերնետ բիզնեսին նվիրված մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 540 կայքեր, բլոգեր և անձնական էջեր:
«ArmNet 2012»-ի կազմակերպիչների խմբում ընդգրկված «Օրանժ» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով այս միջոցառումը կարևոր է հայկական վեբի պատմության համար, որը, կարծես թե, ամփոփում է առցանց բովանդակության (օնլայն կոնտենտի) ձևավորմամբ զբաղվող հայկական կազմակերպությունների ողջ տարվա ջանքերը:
«Այն կայացած միջոցառում է Հայաստանում: Այս կոնֆերանսին մասնակցելու են նաև արտասահմանից շատ հեղինակավոր էքսպերտներ, լինելու է մտքերի փոխանակություն: Անցած երեք տարիները համընկնում են ինտերնետի կայծակնային զարգացման հետ, որի մեջ մեծ է եղել նաև «Օրանժի» դերը»,-ասաց Արամ Մկրտչյանը:
«ArmNet2012» տարվա կարևոր նորարարություններից մեկն էլ այն է, որ «Օրանժը» սահմանել է բջջային հավելվածների համար հատուկ մրցանակ, որով փորձ է կատարվում ցույց տալ, որ ինտերնետ կոնտենտի առաջիկա զարգացումը լինելու է ոչ միայն վեբում, այլև բջջային հավելվածների ոլորտում:
«Դեռևս երեք տարի առաջ ինտերնետն այնքան էլ հասանելի չէր ոչ միայն ֆինանսի առումով, այլև աշխարհագրության իմաստով: Այսօր ինտերնետը հասանելի է անգամ ամենահեռավոր գյուղում: Այս միջոցառման ամենակարևոր առաքելությունն է ամեն տարի ուղենիշ նախագծել հաջորդ տարվա զարգացման համար»,-ասաց Արամ Մկրտչյանը:
«ArmNet2012» մրցույթին այս տարի 7 հիմնական անվանակարգի համար են պայքարելու մասնակիցները: Մրցույթի անվանակարգերն են` դիզայն և հարմարավետություն, նորարարություն, տեխնիկական կատարում, բովանդակություն, տարվա առաջընթաց, հասարակական ազդեցություն և «Օրանժի» հատուկ մրցանակ լավագույն բջջային հավելվածի համար: Հիմնական անվանակարգերից բացի կա նաև ժողովրդական ընտրություն հավելյալ անվանակարգը, որի հաղթողը կորոշվի SMS-քվեարկությամբ:
«ArmNet 2012» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:
Մրցույթի կապակցությամբ հրավիրված կոնֆերանսին հանդես եկան միջազգային հայտնի փորձագետներ` Instid Russia փորձագետ Անտոն Մերկուրովը, Google Russia նախագծերի ղեկավար Իլյա Սիդորովը և այլն:
Բանախոսներն անդրադարձան սոցիալական մեդիային` որպես բրենդինգի գործիք, բրենդեր և որոնողական համակարգեր, բրենդ-մոնիթորինգի գործիքներ, վիրուսային մարքեթինգ, անհատաական բրենդինգ և նոր մեդիա թեմաներին:
Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան այսօր երեկոյան:










