Հայկական կայքերի նկատմամբ կիբերհանցագործություններն աճել են. ՀԿ
2012 թվականին հայկական ինտերնետ կայքերի նկատմամբ կիբերհանցագործությունների թիվը, որը իրականցվում է ադրբեջանական և թուրքական հաքերների կողմից, հասել է 1250-ի, իսկ 2011-ին այդ հանցագործությունների թիվը եղել է 1100, այդ մասին այսօր «ArmNet 2012» կոնֆերանսի ժամանակ ասաց «Հայաստանի ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Սաղյանը:
Ըստ մասնագետի՝ Հայաստանում ինտերնետը և օնլայն աշխարհը շատ արագ տեմպերով են զարգանում` չնայած եղած կիբերհանցագործությունների խոչընդոտի:
«Հայաստանում ինտերնետի զարգացման մեջ կա լուրջ պրոբլեմ, որը կիբերհանցագործությունն է, և հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում ինտերնետ տիրույթի անվտանգությունը շատ ցածր է և մենք հաճախ ականատես ենք լինում բազմաթիվ խախտումների, որոնք կատարվում են ազերիների և թուրքերի կողմից»,- ասաց Գրիգոր Սաղյանը՝ տեղեկացնելով, որ ողջ աշխարհում այսօր կա ինտերնետի 3 մլրդ օգտատեր` աշխարհի 7 մլրդ բնակչությունից:
«Պատվիրվել է համահայկական հարցում, որը թույլ կտա ասել, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է ընդգրկված ինտերնետ հանրության մեջ: Բայց Հայաստանում այսօր փոքր երեխաներից սկսած արդեն օգտագործում են ինտերնետը»,-ասաց Գրիգոր Սաղյանը:
«Հայաստանի ինտերնետ հանրության» ՀԿ-ի նախագահի կարծիքով Հայաստանը գտնվում է ինտերնետ օգտագործողների ցանկում առաջատար դիրքերում և ինտերնետի զարգացումը շատ բուռն է ընթանում և օգտատերերի թիվը տարեցտարի աճում է:










