«Ուսանողի ձայն» երգի մրցույթն այսօր կընտրի լավագույնին

13:01 • 08.12.12

Մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների կողմից կազմակերպված «Ուսանողի ձայն» երգի մրցույթն այսօր կամփոփի արդյունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսխորհրդի անդամ Հռիփսիմե Մարգարյանը:

 

«Ուսանողի օրվան նվիրված Սլավոնական համալսարանը` բժշկական, ագրարային, ճարտարագիտական, թատերական և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանների հետ առաջին անգամ կազմակերպել են երգի մրցույթ, որին կարող էին մասնակցել նշված բուհերի 1-3-ից մասնակիցներ, ովքեր կընտրվեին իրենց բուհի միջոցով»,- ասաց Հռիփսիմե Մարգարյանը:

 

Մրցույթի առաջին փուլի ընթացքում, որին մասնակցել է մոտ 18 ուսանող, ժյուրիի կողմից անցկացվել են կույր լսումներ, ապա ընտրված 12 մասնակիցների հետ երկու շաբաթվա ընթացքում ժյուրիի անդամներն աշխատել են և նախապատրաստել վերջին փուլին, որը տեղի կունենա այսօր: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Ավետ Բարսեղյանը, Հասմիկ Կարապետյանը և Նազենի Հովհաննիսյանը:



«Սահմանված է «Գրան պրի» մրցանակ և հաղթողին Հասմիկ Կարապետյանը և Ավետ Բարսեղյանը կնվիրեն երգ, որն անվճար կձայնագրվի «DUETRO» ստուդիայում, բացի այդ, կան նաև երեք մրցանակային տեղեր»,- ներկայացրեց Հռիփսիմե Մարգարյանը:

 

Մրցույթի մասնակիցները կատարել են և՛ հայկական, և՛ միջազգային հիթեր: Լավագույն 12 մասնակիցների ցուցակում են Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը ներկայացնող Կարինե Աբրահամյանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից` Հռիփսիմե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից` Սյուզաննա Մելքոնյանը և այլոք:

 

«Մրցույթը մեծ արձագանք ունի: Մենք կփորձենք նաև գալա-համերգ կազմակերպել, որին կմասնակցեն և՛ հաղթողները, և՛ մասնակիցները»,- ասաց Հռիփսիմե Մարգարյանը: