Հոլոքոստի զոհերի մոխրով ստեղծագործող շվեդ արվեստագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

13:18 • 09.12.12

Հոլոքոստի զոհերի մոխրով կտավ ստեղծած շվեդ արվեստագետ Կառլ Միխաել ֆոն Խաուսվոլֆի նկատմամբ հետաքննություն է սկսվել, հայտնում է Russia Today-ը։

 

Արվեստագետն իր նոր կտավը ստեղծել է Հոլոքոստի զոհերի մոխրով, որը նա գողացել էր 1989թ.-ին, Մայդանեկում նախկին նացիստական համակենտրոնացման ճամբար այցի ժամանակ։

 

Կտավն իրենից ներկայացնում է մոխրագույն ուղղանկյուն, սակայն, արվեստագետի կարծիքով, այն իր մեջ մեծ իմաստ է պարունակում։

 

«Այս աշխատանքն ինձ համար այն մարդկանց հիշողության խորհրդանիշն է, որոնց կտտանքների են ենթարկել 20-րդ դարի ամենադաժան պատերազմներից մեկի ժամանակ»,- գրել է հեղինակը շվեդական Լունդ քաղաքի պատկերասրահի կայքում, որտեղ էլ, ի դեպ, կտավը ցուցադրվում է։

 

Նրա հեմ համամիտ է նաև պատկերասրահի տնօրեն Մարտին Բրյուդերը, ով «ոչ մի վիրավորական բան» չի տեսնում արվեստագետի աշխատանքում։

 

Սակայն Շվեդիայի հրեական համայնքի անդամներին դա զայրացրել է։

«Դա ահավոր է, ինչպե՞ս կարող էր մեկի մտքով նման բան անցնել։ Մարդկանց մոխիրն օգտագործելը նման «արվեստի համար» անհարգալից է, վիրավորական, առավել սարսափելի է, երբ դա արվել է հիտլերյան ռեժիմի զոհերի մոխրով»,- ասել են նրանք։

 

Մայդանեկը Երրորդ ռեյխի մահվան ճամբարն է, որը գտնվում է լեհական Լյուբլիան քաղաքի ծայրամասում։
Ընդհանուր առմամբ Մայդանեկում զոհվել է մոտ 360.000 մարդ։ Ներկայում այդտեղ դամբարան է կառուցվել, որտեղ հավաքված է զոհերի մոխիրը։


Դամբարանի աշխատակիցները նույնպես բացասական են արտահայտվել այդ «արվեստի» վերաբերյալ։

 

Իմանալով, որ նա ապօրինի կերպով է ձեռք բերել մոխիրը, Լյուբլին քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։