Հյուսիսային Կորեան դադարեցրել է հրթիռի արձակման նախապատրաստական աշխատանքները
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը դադարեցրել է հրթիռի արձակման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Лента-ն՝ հղում անելով հարավկորեական «Ռենխապ» գործակալությանը, որն էլ իր հերթին վկայակոչել է Հարավային Կորեայի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյայի։
Ավելի վաղ Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը տեղեկություն էր տարածել հրթիռի արձակման հնարավոր հետաձգման մասին՝ կապված տեխնիկական անսարքությունների հետ։ Մանրամասներ չէին հաղորդվել։
Այժմ հարավկորեական ԶԼՄ-ները հաստատում են հրթիռի արձակման հետաձգման մասին լուրերը։ Նշվում է, որ դա պայմանավորված է տեխնիկական անսարքություններով, և ոչ միջազգային հանրության ճնշմամբ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հրթիռի արձակումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 10-22-ն ընկած ժամանակահատվածում։
ԿԺԴՀ իշխանությունների համոզմամբ՝ հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերի կապի արբանյակը։ Սակայն ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ճապոնիան և մի շարք այլ երկրներ կարծում են, որ Փհենյանը ծրագրում է բալիստիկ հրթիռ փորձարկել, ինչն արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։










