Apple-ն ու Google-ը միավորվել են՝ Kodak-ի արտոնագրերը ձեռք բերելու համար
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2 հսկաները՝ Apple-ն ու Google-ը, որոշել են միավորել իրենց ուժերը` Kodak ընկերության վաճառքի հանված արտոնագրերի փաթեթը ձեռք բերելու համար, հայտնում է Newsru.com կայքը։
Փաթեթում ներառված է շուրջ 1,1 հազար արտոնագիր։ Այս ամառ 2 ընկերությունները փորձել են առանձին-առանձին գնել Kodak-ի արտոնագրերը, ինչի արդյունքում սկսվել է կատաղի մրցակցություն։ Ի սկզբանե Kodak-ն արտոնագրերի փաթեթը գնահատել է 2,21-ից մինչև 2,57 մլրդ դոլար, սակայն մասնագետները գտնում են, որ դրանց իրական արժեքը շատ ավելի ցածր է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Kodak ընկերությունը, չկարողանալով արժանի մրցակցություն ապահովել թվային տեխնոլոգիաների դարում, ընթացիկ տարվա հունվարին սկսեց վերահսկվող սնանկացման գործընթացը։
Ներկայում ընկերության պարտքը կազմում է 6.8 մլրդ դոլար և սնանկացումից խուսափելու համար Kodak-ին անհրաժեշտ է 793 մլն դոլար, որը ստանալու պայմաններից մեկն է 500 մլն դոլարից ոչ էժան արտոնագրերի փաթեթը վաճառելը։ Դա հաջողությամբ իրականացնելու դեպքում Kodak-ը կմասնագիտանա տպիչների արտադրության վրա։










