Հրաժեշտ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին
Սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հրաժեշտի վերջին արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Կյանքից հեռացավ հայ երգարվեստի նշանավոր դեմքերից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Տարիներ շարունակ երգչուհին իր հոգեթով ձայնով ու երգեցողական բարձր վարպետությամբ հուզել է հայ և օտարազգի երաժշտասերների: Նրա երգն անկեղծ էր ու համոզիչ, ձայնը՝ թավշահունչ, ինչպես դուդուկը:
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին, Գյումրիում: 1971 թ. ավարտել է Գյումրիի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, 1974-1978 թթ. սովորել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, 1981-1986 թթ. ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում:
Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի հետագա վերելքի համար կարևոր դեր է ունեցել Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլը, որի մենակատարն էր 1976-1991 թթ. :
1990-ականներին տեղափոխվելով ԱՄՆ շարունակել է իր ազգանվեր գործունեությունը՝ հայ տոհմիկ և ազնվահունչ երգով նպաստելով հայապահպանության և հայրենիքն ու սփյուռքը մշակույթով համախմբելու կարևոր գործին:
Վերադառնալով հայրենիք 1997-2001 թթ. աշխատել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես տնօրեն: 2002-2008 թթ. ղեկավարել է Լոս-Անջելեսում իր հիմնադրած Բրբենքի և Հոլիվուդի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցները:
2006-2007 թթ. առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Կոմիտաս» համահայկական միջազգային երգի մրցույթը, որին Հայաստանից և արտերկրից մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա:
2007 թ. հիմնել է «Արտիստները հանուն խաղաղության» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած ոճրագործություններին «Այլևս երբե´ք» ասելուն:
«Այլևս երբե´ք» խորագրով շարքի վերջին համերգը տեղի է ունեցել 2012 թ. ապրիլի 24-ին Մոսկվայում. այն պետք է շարունակվեր աշխարհի մի շարք երկրներում և Հայաստանում մինչև 2015 թ.: Ֆլորա Մարտիրոսյանի շնորհիվ հազարավոր մարդիկ իրենց համար բացահայտել են Հայաստանն ու հայ ժողովրդին՝ միանալով մի հպարտ ազգի բողոքին:
Ֆլորա Մարտիրոսյանի երգն ընդմիշտ կմնա հայ երգարվեստի պատմության էջերում և հանդիսատեսի հիշողության մեջ:










