Instagram-ն արգելափակել է Twitter-ում լուսանկարների ցուցադրումը
Հանրահայտ Instagram ֆոտոծառայությունն արգելափակել է Twitter սոցկայքում իր ծառայության միջոցով արված լուսանկարների դիտման հնարավորությունը, հայտնում է РИА-Новости-ն։
Այս քայլը վկայում է 2 ծառայությունների միջև համագործակցության թուլացման մասին։ Անցյալ շաբաթ Instagram-ը դադարեցրել էր Twitter Cards մեխանիզմին աջակցությունը, ինչը հնարավորություն էր տալիս ցուցադրել մեդիակոնտենտն անմիջապես միկրոբլոգի հաղորդագրությունների մեջ։ Արդյունքում՝ Instagram-ում ստեղծված լուսանկարները Twitter-ում հայտնվել են կտրտված տարբերակով։
Այժմ Twitter-ի օգտատերերը նկարը տեսնելու համար պետք է նշված հղումով մտնեն Instagram-ի կայք։ Այս փոփոխությունները վերաբերվում են ինչպես Twitter-ի վեբ տարբերակին, այնպես էլ ծառայության բջջային օգտատերերին։










