Կամո Նիգարյանի նկարները կցուցադրվեն Ժամանակակից արվեստի թանգարանում
Հայ ժամանակակից արվեստի դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի 49 աբստրակտ ոճի աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել, դեկտեմբերի 11-ից 25-ը կներկայացվեն Ժամանակակից արվեստների թանգարանում:
Ցուցահանդեսը նվիրված է նկարչի մահվան առաջին տարելիցին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլսին Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ասաց, որ Կամո Նիգարյանի արվեստը այնքան մեծ է ու բազմաժանր, որ մեկ ցուցահանդեսով անհնար է ներկայացնել նրա ողջ աշխատանքները:
«Կամո Նիգարյանը շատ համեստ ու քչախոս մարդ էր: Սովորաբար նա չէր սիրում իր աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպել: Երբ անցած տարի մենք հայտնաբերեցինք, որ նա լուսանկարներ էլ ունի, որոշեցինք ցուցահանդես կազմակերպել, բայց նա չէր ուզում, անհարմար էր զգում, անգամ ասում էր, որ չի գա: Նրա առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 17 տարեկանում Պուշկինի անվան դպրոցում, որտեղ ինքը սովորել է»,- ասաց նա:
Նունե Ավետիսյանը կարևորում է Կամո Նիգարյանի ներդրումը, հատկապես թանգարանային ձևավորման գործում: «Նա պարզապես չէր շարում իրերը թանգարանում: Նա ստեղծագործական մոտեցում ուներ ամեն ինչի նկատմամբ: Հայաստանում դա նոր խոսք էր թանգարանային ձևավորման մեջ»,- ավելացրեց նա։
Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի բացմանը ներկայացվելու է նաև պատկերագիրք, որտեղ տպագրվել է հեղինակի 83 աշխատանք:
Ասուլիսին ներկա «Մշակույթի երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանն իր հերթին ասաց, որ Կամո Նիգարյան ստեղծագործողի մասին բոլորը չէ, որ ինչ-որ բան գիտեն, այդ պատճառով նա կարևոր է համարում պետական աջակցությունը:
«Նա մեր ժամանակակից արվեստի գործիչներից մեկն է և կարևոր է, որ պետությունն ամեն ինչ անի, որպեսզի նրանք ինչ-որ կերպ ճանաչում ստանան հայրենիքում և հայրենիքից դուրս»,- ասաց նա:










