Google-ի դուդլը նվիրված է առաջին կին ծրագրավորողին
Google որոնողական համակարգի այսօրվա «անհասկանալի» դուդլը նվիրված է աշխարհի առաջին կին համակարգչային ծրագրավորողին՝ Ադա Լավլեյսին(1815-1852), հայտնում է Time-ը. այսօր լրանում է նրա ծննդյան 197-ամյակը: Նա ի դեպ Լորդ Բայրոնի աղջիկն է՝ նրա երեխաներից միակ օրինականը:
Լավլեյսի դքսուհին որպես ոլորտի առաջամարտիկ հանդես էր եկել համակարգչի բուն գյուտից դեռ մեկ դար առաջ. նա համագործակցել է Չարլզ Բեբիջի հետ՝ մի մարդու, որը նախագծել է «Բեբիջի համակարգիչը» և «Վերլուծական մեքենան»՝ մեխանիկական համակարգիչներ, ով սակայն չի կարողացել կառուցել դրանք:
Իսկ Լավլեյսը «Վերլուծական մեքենայի» համար ստեղծել է Բերնուլիի թվերը հաշվող ալգորիթմ, այս կերպ էլ հռչակվել է «առաջին կին համակարգչային ծրագրավորող»: Նա նաև իր տեսության մեջ սահմանել է, որ մեխանիկական համակարգիչը կարող է օգտագործվել երաժշտություն գրելու համար. 1840-ականներին դա հասկանալու համար մեծ հանճար էր հարկավոր, նկատում է աղբյուրը:










