Ռուսաստանը կողմ է համացանցի կանոնակարգման միջազգային կանոնների կիրառմանը
Դուբայում ընթացող էլեկտրակապի միջազգային կոնֆերանսի ժամանակ Ռուսաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները հանդես են եկել համացանցի կարգավորման միջազգային օրենքների ներմուծման առաջարկով: Այս մտահաղացմանը դեմ են հանդես եկել ԱՄՆ-ի, Կանադայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները՝ զգուշանալով ինտերնետ-գրաքննության կիրառումից: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Էլեկտրակապի միջազգային միությունը հաստատել է DPI տեխնոլոգիաների կիրառումը, որը կարող է օգտագործվել օգտատերերի գործողությունները վերահսկելու համար:
Հիշեցնենք, որ նման նախաձեռնությունները քննադատել էր Google ընկերությունը և հայտարարել, որ միջազգային ցանցում պետք է գործեն ինքնակարգավորման մեթոդներ:
Դուբայում դեկտեմբերի 3-14 անցկացվում է կոնֆերանս, որին մասնակցում են ՄԱԿ-ի ԷՄՄ անդամ 193 երկիր և 700 կազմակերպություն: Հանդիպման ընթացքում մասնակիցները պետք է քննարկեն 1988թ. ընդունված միջազգային էլեկտրակապի կանոնակարգի փոփոխության վերաբերյալ մոտ 900 հարց:










