Գարնանը բացվելիք ABBA խմբի թանգարանի տոմսերի վաճառքը կսկսվի դեկտեմբերի կեսերից
2013թ. մայիսի 7-ին Ստոկհոլմում կբացվի լեգենդար ABBA խմբի թանգարանը, հայտնում է Newsru.com-ը։
Ինչպես հայտնել են «Փառքի շվեդական սրահ» (Swedish Hall of Fame) համալիրի մամուլի ծառայությունից, որտեղ տեղակայված կլինի թանգարանը, առաջին տոմսերը վաճառքի կհանվեն դեկտեմբերի 13-ին։
«Դրանք կինեն թանգարանի գործունեության առաջին երեք շաբաթվա տոմսերը՝ մայիսի 7-31-ը։ Մենք հիմա ենք դրանք վաճառքի հանում, քանի որ թանգարանի հանդեպ հետաքրքրությունը բավական մեծ է»,- ասել է համալիրի ներկայացուցիչ Յենի Էնգստրեմը։
Մեկ տոմսի արժեքը 195 շվեդական կրոն (29 դոլար) է, 50 կրոն (7.5 դոլար) էլ երեխաների համար։ Յուրաքանչյուր տոմսի վրա նշված է այցելության ժամը, որպեսզի հյուրերը ստիպված չլինեն հերթ կանգնել։
Համալիրում կվաճառվի սահմանափակ քանակությամբ տոմս։ Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել համացանցի միջոցով կամ Շվեդիայի երկաթուղային կայարանների դրամարկղերից։
Թանգարանը գտնվում է Ստոկհոլմի Յուրգորդեն կենտրոնական թաղամասում։ Կազմակերպիչները հույս ունեն, որ բացման առաջին իսկ տարում թանգարան կայցելի 200-300 հազար հյուր, ովքեր հնարավորություն կունենան տեսնել խմբի մասնակիցների հագուստները, ձայնագրման ստուդիան։










