Apple-ն ավստրալական քաղաքի խնդրանքով ուղղել է իր քարտեզում եղած սխալը
Ամերիկյան Apple ընկերությունը մի շարք ուղղումներ է մտցրել իր գաջեթներում տեղադրված նավիգացիոն հավելվածում այն բանից հետո, երբ պաշտոնական բողոք է ստացել ավստրալական Միլդյուրա քաղաքի ոստիկանությունից, որը պնդում է, որ ընկերության քարտեզային հավելվածում եղած սխալ ցուցումների հետևանքով մարդիկ հայտնվում են անմարդաբնակ վայրերում։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, 30 հազար բնակչություն ունեցող քաղաքը գտնվում է Ավստրալիայի խոշորագույն ազգային արգելոցներից մեկի մերձակայքում, սակայն Apple-ի քարտեզներում այդ քաղաքը նշված էր իրական քաղաքից 70 կմ հեռավորության վրա, ինչի հետևանքով տեղանքին անծանոթ վարորդները հայտնվում էին պարկի խորքերում։
Միլդյուրայի ոստիկանները նշել են, որ մոլորված վարորդները ստիպված են եղել մի քանի օր շարունակ առանց ջրի և սննդի մնալ անծանոթ վայրերում, մինչև որ նրանց օգնության են հասել իրավապահներն ու փրկարարները։
Apple-ն այս կապակցությամբ պաշտոնապես ներողություն է հայտնել iOS 6 բջջային օպերացիոն համակարգի համար, որն ընկերությունը սկսել էր օգտագործել Google Maps-ի փոխարեն, իսկ նոյեմբեր ամսին էլ ևս մի շարք նմանատիպ խնդիրների պատճառով աշխատանքից հեռացրել է քարտեզային նախագծի հեղինակ Ռիչարդ Ուիլյամսոնին։










