Դերասան Չարլի Շինը 75 հազար դոլար է նվիրաբերել անծանոթ աղջկա բուժման համար
Հոլիվուդյան դերասան Չարլի Շինը, ով հայտնի է իր սկանդալային վարքով և թմրանյութերի հանդեպ հակվածությամբ, 75 հազար դոլար գումարի կտրոն է տրամադրել քաղցկեղով հիվանդ 10-ամյա աղջկա բուժման համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով TMZ տեղեկատվական պորտալին։
Ըստ պարբերականի տվյալների՝ դերասանը զրույց է ունեցել Լոս Անջելեսի Հերմոզա Բիչ շրջանի ոստիկանության սպայի հետ, ով պատմել է իր անձնական դժբախտության մասին. նրա դուստրը չարորակ ուռուցք ունի, որը թանկարժեք բուժում է պահանջում։
Պորտալի աղբյուրը, ով դարձել է խոսակցության ականատես, հայտնել է, որ Չարլի Շինը խոստացել է օգնել ոստիկանին։ Հաջորդ օրը դերասանի անունից ոստիկանության հիմնադրամին է փոխանցվել 75 հազար դոլար՝ երեխայի բուժման համար։ Բացի այդ, հիմնադրամի հաշվին է փոխանցվել նաև 25 հազար դոլար Շինի գործընկեր Էդի Բրաունի անունից։
Աղջկա ընտանիքը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար։










