Պատմամշակութային հուշարձանների պահպանության ակտիվիստները մեղադրում են, պատասխանատու մարմինները՝ արդարանում

13:38 • 11.12.12

Պատմամշակութային կոթողների պահպանության համար պատասխանատու մարմինների և պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող ակտիվիստներ այսօր բանավեճ էին հրավիրել, որի ժամանակ ակտիվիստները մեղադրում էին նրանց հուշարձանները տեղափոխելու համար, իսկ վերջիններս փորձում էին արդարանալ իրենց փաստերով։


Բանավեճին մասնակցում էին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը և «Պատմական հուշարձանների պահպանություն» նախաձեռնության ակտիվիստներ Ռուբեն Բաղդիշյանի, Սոֆյա Հովսեփյանի և «Բնատաճար» հասարակական նախաձեռնության ղեկավար Ապրես Զոհրաբյանի հետ։


Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի խոսքով՝ իրենք ընտրել են հուշարձանների մի խումբ, որոնք պահպանության կարիք ունեն, և այդ նախաձեռնությունն իր մեջ կրում էր ունեցածը ճանաչելու և պահպանելու խնդիր։


Ակտիվիստների այն մեղադրանքին, թե այդ նախաձեռնությունը գիտական հիմք չունի, Անելկա Գրիգորյանը պատասխանեց. «Հուշարձանների ցուցակագրումը, ինչպես նաև ցուցահանդեսի կազմակերպման ընթացքը գիտական վերահսկողության տակ էին։ Հիմա պատմության թանգարանը սկսել է անել այդ գործը, դարձրել եք թիրախ, իսկ մինչ այժմ ոչ ոք չգիտեր դրանց նշանակությունը։ Չի կարելի անտեղյակ, անգետ խորանալ այս հարցում, քանի որ դուք ընկնում եք անիմաստության գիրկը»։


Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը և ՀՀ մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության աշխատակից Սուրեն Շաքարյանը լրագրողներին ներկայացրել էին, որ ՀՀ տարբեր մարզերից հավաքված հուշարձանապատկան բեկորներն ու պատմաճարտարապետական կոթողները, որոնք պատրաստվում են վերականգնել, ցուցադրվելու են Պատմության թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում՝ «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսին։ Եվ ցուցահանդեսի ավարտից հետո բոլոր կոթողներն ու հուշարձանապատկան բեկորները կվերադարձվեն իրենց նախկին տեղերը։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ՊՈԱԿ տնօրեն Վլադիմիր Պողոսյանն իր հերթին նշեց, որ այստեղ հարցը ոչ միայն հուշարձանը ներկայացնելու խնդիրն է, այլ այն նաև իրավական հարց է։ Եվ պետությունն ինքն է որոշում իր սեփականությունն ինչպես օգտագործի։


Ի հակադրումն այս տեսակետի՝ «Պատմական հուշարձանների պահպանություն» նախաձեռնության ակտիվիստ Ռուբեն Բաղդիշյանն ասաց, որ հուշարձանները պետությանը չեն պատկանում, դրանք հանրությանն են, և դրանց ոչնչացում չէր սպառնում։


Անդրադառնալով հուշարձանների ցուցակագրման, դրանց թվի տատանմանը, ակտիվիստը նշեց. «Չեն գնացել տեղում հուշարձանները տեսել և ցուցակագրել, արխիվային լուսանկարների հիման վրա կատարվել է ցուցակագրում, այդ պատճառով էլ թվի նման տատանում է եղել»։


Հարցի շուրջ խոսեց նաև Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը և վստահեցրեց ակտիվիստներին, որ սա այն հարցը չէ, որը պետք է քննարկել, սա գիտական հարց է և ունի գիտական հիմնավորում։


«Սա ուղղակի տեղափոխություն չէ, սա ցուցադրության և հետ վերադարձնելու համար է և ինքնին բացառիկ երևույթ է»,- ասաց նա։