Սկանդալային արվեստագետ Դեմիեն Հըրսթը ներկայացրել է հարյուրավոր սատկած միջատներով արված կտավը (լուսանկարներ)

16:52 • 11.12.12

Բրիտանացի Դեմիեն Հըրսթը, ով համարվում է մեր ժամանակների ամենասկանդալային արվեստագետներից մեկը, ներկայացրել է իր վերջին ոչ պակաս աղմկահարույց աշխատանքը՝ սատկած միջատներից պատրաստված կտավը, գրում է Oddity Central-ը։

 

Արվեստագետը նշել է, որ Capaneus կոչվող կտավի վրա աշխատել է 2009թ.-ից և այդ ընթացքում օգտագործել հարյուրավոր թիթեռներ, կարիճներ, սարդեր, բզեզներ և միջատների այլ տեսակներ, որոնք սոսնձվել են կտավի վրա ՝ ստեղծելով երկրաչափորեն հավասարաչափ պատկեր։

 

Թեև շատերը միջատներին շատ վախենալու կամ զզվելի են համարում, սակայն պետք է նշել, որ Հըրսթի կտավի վրա դրանք բոլորովին էլ տհաճ չեն նայվում։

«Վերհիշելով Հըրսթի նախկին «գլուխգործոցները», որոնցից են ադամանդապատ մանկական գանգը կամ տավարի գանգը կեղեքող թրթուրներն ու ճանճերը, կարելի է վստահ ասել, որ Capaneus-ը բրիտանացու «ամենաանմեղ» աշխատանքն է»,-եզրափակում է կայքը։

 

Ի դեպ, նա է հեղինակել հղի կնոջ արձանը, որը կանգնեցվել է Մեծ Բրիտանիայի Իլֆրակոմբ առողջարանային քաղաքում։