Դսեղից արևի ժամացույցը Երևան բերելը կխոչընդոտի մարզային տուրիզմի զարգացմանը. ակտիվիստներ
Լոռու մարզի Դսեղ գյուղի Սուրբ Գրիգոր բարձրախաչ եկեղեցու արևի ժամացույցը նույնպես Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնած պատմամշակութային հուշարձանները Երևան բերվելու ծրագրում է ընդգրկվել: Դրա շուրջ այսօր կայացած ասուլիսի ժամանակ իրենց բողոքն արտահայտեցին «Բնատաճար» հասարակական նախաձեռնության ղեկավար Ապրես Զոհրաբյանը և Պատմական հուշարձանների պահպանություն նախաձեռնության ակտիվիստ Ռուբեն Բաղդիշյանը՝ հիմնավորելով, որ դա կխոչընդոտի մարզային տուրիզմի զարգացմանը:
Ի պատասխան ակտիվիստների դժգոհության՝ հանդիպմանը ներկա Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասաց, որ եթե ժամացույցը թանգարանում լիներ, կլիներ փրկված, քանի որ այն շարունակվում է քայքայվել:
Ակտիվիստների այն հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ դեռ հուշարձանը Երևան չեն բերել, Արմեն Աբրոյանը պատասխանեց. «Տեխնիկապես հնարավորություն չկար բերելու»:
Նշենք, որ հուշարձանը գտնվում է 600 մետր բարձրություն ունեցող ձորում: Մի շարք տուրիստներ գնում են Դսեղ, որպեսզի իջնեն այդ ձորը և տեսնեն խաչքարերը, արևի ժամացույցը և մակետը (այն արդեն բերվել է Երևան):










