2013թ.-ից կդադարի գործել «MTV Ռոսիա» հեռուստաընկերությունը
«Պրոֆմեդիա» հոլդինգի նախագահ Նիկոլայ Կարտոզիան հաստատել է MTV հեռուստաընկերության փակվելու մասին լուրերը։ Այդ մասին նա տեղեկացրել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ MTV-ն փակվելու է և դրան փոխարինելու է նոր՝ «Պյատնիցա» («Пятница») հեռուստաընկերությունը։
«Իրոք, հունիսի 1-ից այն հաճախականությամբ, որով ցուցադրվում է «MTV Ռոսիա»-ն, կհեռարձակվի նոր, երիտասարդական, տեղեկատվական-ժամանցային «Պյատնիցա» հեռուստաալիքը»,-ասել է Կարտոզիան։
Նման որոշումը նա պատճառաբանել է այն հանգամանքով, որ «MTV Ռոսիա»-ն վաղուց արդեն դադարել է լինել այն երաժշտական ալիքը, որը ժամանակին սիրում էին հեռուստադիտողները։
«Մենք այլև չենք կարող երաժշտական հեռուստաալիք լինել մի պարզ պատճառով. մրցակցությունն ինտերնետի հետ ժամանցային և երաժշտական ժանրում այնպիսին է, որ հեռուստադիտողների թիվն էապես կրճատվել է։ Երաժշտական տեսահոլովակների դիտումը նվազում է։ Այդ պատճառով МTV-ն, որպես հեռուստաընկերություն, ցավոք, արդեն արդյունավետ չէ»,-ասել է նա։










