ՆԱՍԱ-ն ու Apple-ը ստեղծել են աշխարհի ամենաթանկ սրճեփը
ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հսկա Apple ընկերությունը միավորել են իրենց ուժերը, ինչի արդյունքում ստեղծվել է ոչ թե գերհամակարգիչ կամ տիեզերական սարք, այլ սրճեփ, գրում է РБК-ն։
Սակայն այս սրճեփը սովորական չէ, այլ ամենաթանկն է աշխարհում և «զինված է» 3 մեգապիքսելանոց տեսախցիկով, որը կարողանում է տեսածրել սուրճի տուփի վրայի QR կոդերը և իմանալ անհրաժեշտ տեղեկություններ տվյալ սուրճի տեսակի, ինչպես նաև դրա պատրաստման լավագույն տարբերակի մասին։ Իսկ Wi-Fi-ի միջոցով հնարավոր է կառավարել սրճեփը հեռվից և սուրճի պատրաստման նոր բաղադրատոմսեր ներբեռնել սարքում։
Լյուքս դասի սրճեփը ստացել է Blossom Coffee անվանումը, իսկ դրա գինը 11.111 դոլար է։ Այն հիմնականում նախատեսված է սրճարանների և ռեստորանների օգտագործման համար։
Այն պատրաստված է կարմիր փայտից, ապակուց և չժանգոտվող պողպատից։ Սրճեփը վաճառքի կհանվի 2013թ.-ին ՝ սահմանափակ քանակով՝ ընդամենը 10 օրինակ։










