Մողեսների վերացած տեսակն անվանել են Օբամայի պատվին

16:24 • 11.12.12

ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի՝ Յեյլի հետազոտողները 65 մլն տարի առաջ վերացած մողեսի տեսակն անվանել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի պատվին, գրում է Взгляд-ը՝ վկայակոչելով հետազոտական խմբի ղեկավար Նիկոլաս Լոնգրիչին։

 

Հնէաբանների խոսքով՝ օբամադոնը (Obamadon gracilis) ոչ մեծ՝ 30 սմ երկարությամբ մողես է եղել, որը սնվել է միջատներով ու վերացել է Երկրի երեսից 65 մլն տարի առաջ։ Գիտնականները նշել են, որ իրենց գործողություններում պետք չէ փնտրել որևէ քաղաքական ենթատեքստ։

 

«Եթե նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում Օբաման պարտվեր, ապա այդ դեպքում մենք կհայտնվեինք բավական բարդ դրության մեջ։ Քանի որ շատ դաժան կլիներ պարտված նախագահի պատվին կոչել միլիոնավոր տարիներ առաջ վերացած մողեսներին»,-նշել է Լոնգրիչը։

 

Սակայն հնագույն մողեսները միակ կենդանիները  չեն, որ արժանացել են ԱՄՆ-ի 44-րդ նախագահի անունով կոչվելու պատվին։ Օբամայի անունով են կոչվել նաև քաղցրահամ ջրերում բնակվող Etheostoma obama ձուկն ու քարքոսների մի տեսակը՝ Caloplaca obamae-ն։
 

Մողեսների վերացած տեսակն անվանել են Օբամայի պատվին