Ռոտորային 2840 ձիաուժանոց շարժիչով գերմանական հիպերմեքենայի առաջին լուսանկարն է ներկայացվել
Գերմանական Rotary Supercars ընկերությունը ներկայացրել է իր դեռևս անուն չունեցող հիպերմեքենայի առաջին թիզեր-պատկերը: Աշխարհի ամենահեղինակավոր ավտոարտադրողներին ձեռնոց նետած հիպերմեքենան 2840 ձիաուժ հզորությամբ ռոտորային շարժիչ կստանա, որի շնորհիվ 0-100կմ/ժ արագության կհասնի աննախադեպ 1 վայրկյանում, հաղորդում է Motor.ru-ն:
Նաև Rotary Supercars-ում նախատեսում են սերիական ավտոմեքենաների համար առավելագույն արագության նոր ռեկորդ սահմանել, առաջ անցնելով Bugatti Veyron-ի 431 կմ/ժ արագությունից:
Նախորդ տարվա հունիսին Rotary Supercars-ը հայտարարել էր Predator GT անվանումով մոդելի թողարկման մտադրության մասին: Նախատեսվում էր, որ այն կհամալրվի 2,6 լ ծավալով ռոտորային շարժիչով` կառուցված Mazda-ի 13B MSP ագրեգատի հիման վրա:
Այդ շարժիչով մեքենան 1200 ձիաուժ հզորության էր հասցվել, և ընկերության ներկայացուցիչների խոսքով, ունակ էր «հարյուրին» հասնել 3 վայրկյանից պակաս ժամանակում, «երկու հարյուրին»` 7 վայրկյանում, իսկ 300կմ/ժ արագության Predator GT-ն կարող է հասնել 15 վայրկյանում:










