Դեկտեմբերի 20-ից Երևանը հեքիաթային կլինի. խոստանում է քաղաքապետարանը
Երևանի արտաքին ձևավորման պատասխանատուներն ամեն ինչ անելու են, որպեսզի դեկտեմբերի 20-ից՝ երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կվառի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, նախատոնական Երևանը հեքիաթային դառնա ու զգացնել տա տոնական հրաշքի շունչը:
Այս մասին այսօր հրավիրված համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:
Երևանը հեքիաթային դարձնելու համար արդեն երկրորդ ամիսն է ներմուծվում են լուսադիոդային տարբեր զարդարանքներ՝ կենդանիներ, ծառեր։ Քաղաքի տարբեր հատվածների արտաքին ձևավորման տարբեր լուծումներ են տրվելու, այդ թվում՝ զարդարվելու են նաև որոշ շենքերի ճակատային մասերը:
«Ուզում եմ ընդգծել, որ քաղաքը ձևավորված չի լինելու միայն Կենտրոնում, և այս տարի քաղաքապետը կարևորեց համայնքների համաչափ զարգացումը և դրանից անմասն չի մնա քաղաքի արտաքին ձևավորումը. բոլոր վարչական շրջաններում լինելու են կենտրոններ, որտեղ տեղադրված են լինելու տոնածառեր, և դրանք ձևավորված են լինելու այնպես, որպեսզի մարդիկ վարչական շրջաններում ևս կարողանան զգալ Ամանորի շունչը»,- ասաց Արազ Բաղդասարյանը:
Այս տարի առաջին անգամ Երևանը կունենա Ամանորի խորհրդանիշ՝ հայկական մանրանկարչության մեջ հայտնի հրեշտակը, որն, ըստ գտնված լուծման, պետք է լինի փողի մեջ։ Այն կազդարարի Նոր տարվա գալուստը: Իսկ գունային լուծումների համար ընտրված են կապույտն ու ոսկեգույնը: 2013-ը, ինչպես հայտնի է, Ջրային օձի տարի է, և ողջ աշխարհում կապույտը լինելու է գերիշխող գույն:
Նաև մայրաքաղաքում երկու տեղ կլինեն 3D լուսային էֆեկտներ. մեկը կլինի Օպերայի և բալետի ակադեմիական շենքի ճակատին, իսկ մյուսի տեղը քաղաքապետարանի պաշտոնյաներն ասացին, որ դեռ գաղտնի է պահվում։
Ինչ վերաբերում է հանրապետության գլխավոր տոնածառին, ապա այն ունի 32 մետր բարձրություն և կազմված է լինելու սանիտարական էտման-հատման ճանապարհով կտրված 6000 ճյուղից:
«Տոնածառի ձևավորման համար օգտագործվել ու են ավելի քան 50 000 լուսադիոդային սարքեր, ընդհանուր լարերի երկարությունն անցնում է 17 կիլոմետրից, օգտագործվելու են նաև թարթող լույսեր»,- մանրամասնեց Գագա Ամատունին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը հայտարարել է քաղաքային ամենագեղեցիկ զարդարված պատշգամբի, ճակատային մասի մրցույթ ։ Հաղթողներն, իհարկե, կպարգևատրվեն, իսկ թե ինչպե՞ս, Երևանի քաղաքապետարանը գաղտնի է պահում. անակնկալ է:










