Ցյուրիխում անհետացել են հազարավոր արվեստի գործեր

21:51 • 11.12.12

Ցյուրիխի քաղաքային հավաքածուից կորել է ավելի քան 5.000 արվեստի գործ: Դրանց թվում է նաև մի  արժեքավոր նկար, որը պատկանում էր հայտնի ճարտարապետ-մոդերնիստ Լե Կորբյուզեի վրձնին, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Նախօրեին Շվեյցարիայի խոշորագույն քաղաքի իշխանությունները հայտարարել են 5176 արվեստի գործի կորստի մասին, որոնք պատկանում էին Ցյուրիխին: Այս կորուստը հայտնաբերվել է վերջին 100 տարվա մեջ առաջին անգամ արված հավաքածուի գույքագրման աշխատանքների ժամանակ:


Հավաքածուի բոլոր իրերի ընդհանուր արժեքը գնահատվում էր մոտ 100 միլիոն եվրո: Բացի այդ, ամբողջ հավաքածուի 15% կորուստը Ցյուրիխին էական ֆինանսական վնաս չի հասցրել: Այն իրերը, որոնք չեն հայտնաբերվել գնահատվում էին մոտ 1 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 830 հազար եվրո): Անհետացած իրերի մեջ ամենաարժեքավորը (66 հազար եվրո) համարվում է ֆրանսիացի նկարիչ և ճարտարապետ Լե Կորբյուզեի կտավը:


Ցյուրիխի իշխանությունները հույս են հայտնել, որ նրանց մոտ ժամանակներս կհաջողվի հայտնաբերել անհետացած իրերը: