ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված դասական համերգ ԱՄՆ-ում
Բոստոնի հայ համայնքը դեկտեմբերի 9-ին կազմակերպել է դասական համերգ` նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյա հոբելյանին, տեղեկացնում են Արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Սուրբ Երրորդություն տաճարում մատուցված դասական հոգևոր համերգին ներկա շուրջ հազար ունկնդիրներին մատուցվել է հայ, ամերիկացի և եվրոպացի հանրահայտ հեղինակների ստեղծագործությունները:
Համերգին ելույթ են ունեցել Բոստոնի օպերայի, սիմֆոնիկ նվագախմբի և Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչները, «Երևան» երգչախումբը և նվագախումբը` ամերիկաբնակ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ:
Համերգի վերջում ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` ընդգծելով, որ երկրի անկախության ամրապնդման ճանապարհի կարևոր հանգրվաններից էր անդամակցությունը միջկառավարական ունիվերսալ այդ կազմակերպությանը 1992թ.:
ՀՀ դեսպանը նաև նշել է, որ ՄԱԿ-ում ներգրավված աշխատանքի միջոցով Հայաստանը շարունակաբար իր հանձնառությունն է դրսևորում միջազգային խաղաղության պահպանման ու ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության պաշտպանության ու խրախուսման հարցերում, մասնակցում սոցիալական, տնտեսական ու կայուն զարգացման հիմնահարցերի ու օրակարգերի քննարկմանն ու մշակմանը:
Դեսպան Նազարյանն արժեվորել է Հայաստանի ու Արցախի Հանրապետության անկախության զարգացման հարցում սփյուռքի դերակատարումը:










