«Ավատարի» ռեժիսորը հեղինակային իրավունքը կպաշտպանի դատարանում
Քեմերոնին պատկանող Lightstorm Entertainment կինոընկերությունը որպես պատասխանող է հանդես գալիս մի քանի հայցերով: Դատարան դիմած տարբեր մարդկանց կարծիքով` Ջեյմս Քեմերոնը իրենցից է վերցրել ֆիլմի գաղափարը, սակայն եկամուտները չի բաժնեկցել, հաղորդում է russian.rt-ն:
Հայցվորներից մեկը ֆիլմի հատուկ էֆեկտների դիզայներ Ջերալդ Մորավսկին է, ով պնդում է, որ Քեմերոնին ինքն է տրամադրել Ուիլիամ Գիբսոնի «Քրոմի այրումը» վեպի հետ կապված կոնցեպտուալ արվեստի գաղափարը: Վեպում պատմվում է պատերազմի վետերանների մասին, որոնք հասարակություն են վերադառնում կիսով չափ կիբորգ դարձած:
Մորավսկին իբրև 1991թ. Քեմերոնին է առաջարկել «Էդեմի պահապաններ» ֆիլմի գաղափարը: Ֆիլմում պետք է ներկայացվեր աբորեգենների մի ցեղ, որը պայքարում է իրենց բնիկ անտառը վերացնել պատրաստվող կոնգլոմերատի դեմ: Սյուժեն հիմնված էր Գիբսոնի վեպի վրա: Հայցվորը պնդում է, որ «Ավատարի» ռեժիսորը սցենարը ստեղծել է հենց այդ գաղափարի հիման վրա, հաղորդում է The Hollywood Reporter պորտալը:
Քեմերոնը, իհարկե, նման մեղադրանքները հերքում է: Նա պատրաստվում է իր շահերը դատարանում պաշտպանել: Իհարկե բավականին էքսցենտրիկ ֆորմատով. Ջեյմս Քեմերոնն իր շահերը պաշտպանելու համար 45 էջանոց ինքնակենսագրական է գրել, որտեղ մանրամասն պատմել է, թե ինչպես է աստիճանաբար շարժվել ֆիլմի ստեղծման ճանապարհով:
Այնտեղ նկարագրված են նրա դպրոցական տարիները, հետաքրքրվածությունը աստղագիտությամբ և ֆանտաստ հեղինակներով: Ռեժիոսրը պատմել է նաև հերոսների մասին, որոնք նրան առանձին տեսարանները ստեղծելու ներշնչանք են ապահովել:










