Ջորջ Հարիսոնի բաճկոնը, կոշիկներն ու լուսանկարչական սարքն աճուրդի կհանվեն (լուսանկարներ)
Bonhams աճուրդի տունն այսօր կվաճառի Beatles խմբի պատմության հետ կապված իրեր. գնորդներին կառաջարկվեն Ջորջ Հարիսոնի իրերը, որոնք վաճառքի են հանել նրա եղբայր Հարրին և ընտանիքի այլ անդամներ, հայտնում է РИА Новости-ն։
Աճուրդի ամենահետաքրքիր իրը կաշվե բաճկոնն է, որը Ջորջ Հարիսոնը գնել է Համբուրգում 5 ֆունտով և կրել է 1960-ական թթ., այն այժմ գնահատվում է 90-120 հազար ֆունտ, այսինքն՝ 24 հազար անգամ թանկ իր նախնական արժեքից։
Կաշվե կոշիկները գնահատվում են 12-15 հազար ֆունտ։ Եվս մեկ հետաքրքիր նմուշ է Հարիսոնի լուսանկարչական սարքը, որը նա միշտ իր հետ տանում էր շրջագայությունների, և որը մինչև վերջին ժամանակներն օգտագործում էր նրա եղբայրը։ Այս իրերից ոչ մեկը նախկինում հրապարակայնորեն չի ցուցադրվել։
Հարիսոնի իրերից բացի, աճուրդի կհանվեն լեգենդար խմբի հետ կապված շատ այլ իրեր, այդ թվում՝ կիթառը, որը նվագել են խմբի երաժիշտները։ Կիթառի գինը բարձրացնում է նաև Փոլ Մաքքարթնիի նամակը, որը վաճառվում է դրա հետ միասին։










