11-ամյա իսպանացին մշակել է առանց շրջակա միջավայրն աղտոտելու էներգիա ստանալու մեխանիզմը
Իսպանական Ժիրոն քաղաքի 11-ամյա բնակիչ Էդուալդ Վեին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում արժանացել է միջազգային հեղինակավոր 4 մրցանակներից մեկին, որն ամեն տարի տրվում է աշխարհի ամենանշանավոր գյուտերի հեղինակներին։
Ինչպես նշում է Espanarusa կայքը, Diamond Award մրցույթի երիտասարդ դափնեկրի գյուտը՝ քամով գործող հողմաղաց, որի պտտաթևերում տեղադրված են արևային մարտկոցներ, բարձր է գնահատվել ժյուրիի կողմից։
«Ես որոշեցի մշակել այնպիսի նոր մեթոդ, որը հնարավորություն կտար էներգիա ստանալ ընդամենը մեկ մեխանիզմի միջոցով և առանց շրջակա միջավայրն աղտոտելու»,- իր գյուտի մասին մանրամասնել է դպրոցականը։
Իսկ ժյուրին Վեիի հայտնագործությունը որակել է հետևյալ կերպ.«Դա մի լիովին նոր արևային տուրբին է, որն իր մեջ համատեղում է արևից և քամուց ստացվող էներգիաները»։










