Հայտնաբերվել է Անդերսենի առաջին հեքիաթը
Դանիայում հայտնաբերվել է Հանս Քրիստիան Անդերսենի նախկինում անհայտ հեքիաթի ձեռագիրը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Politiken թերթին։
Փորձագետների կարծիքով՝ Անդերսենը գրել է այն, երբ սովորել է դպրոցում։
«Ճրագամոմ» անվանումով փաստաթուղթը, որը ստորագրված է հայտնի հեքիաթասացի անունով, գտնվել է արկղում 15 կգ այլ թղթերի հետ միասին։ Հոկտեմբերին Օդենսե քաղաքի արխիվում այն հայտնաբերել է տեղի պատմության մասնագետը։
Փորձաքննությունից հետո, որը տևել է երկու ամիս, դանիացի մասնագետները հաստատել են նրա իրական լինելը։ Նրանց կարծիքով՝ Անդերսենը գրել է այդ հեքիաթը պատանի հասակում, ընդ որում՝ ոճը հիշեցնում է 1822-1826թթ. աշխատանքների ոճին, երբ Անդերսենը հաճախում էր լատինական դպրոց։










