Լույս է տեսել Մերուժան Տեր–Գուլանյանի «Անդին» ամսագրի նախահամարը
Լույս է տեսել «Անդին» ամսագրի նախահամարը, որի հիմնադիր-հրատարակիչն է Մերուժան Տեր-Գուլանյանը: Այն գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր է և նպատակ ունի անդրադառնալ կյանքի բոլոր ոլորտներին։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ ամսագրի ստեղծման նպատակը ոչ նյութական արժեքների վերաիմաստավորումն է անկախության սերնդի համար: Նա նշեց, որ ինքը այն կարծիքին չէ, թե նոր սերունդը կարդացող չէ:
«Ի՞նչ ենք առաջարկում, որ չի կարդում: Մենք եկել ենք հենց այդ նպատակով, որպեսզի առաջարկենք կարդալու արժանի հրապարակումներ: Այս ամսագիրը դառնալու է համացանցի անհամացանց այլընտրանքը: Բայց մենք համացանցից ոչ մի բան չենք վերցնելու: Ամեն ինչ անելու ենք ինքնուրույն, դրանք մեր հեղինակային աշխատանքներն են լինելու»,- ասաց նա:
Ամսագրի «Անդին» անվանումը հրատարակիչը բացատրեց նրանով, որ անհրաժեշտ է հասարակության շրջանում առաջացնել «անդինության» զգացողությունը:
«Այսօր ամեն ինչ կենցաղային մակարդակի վրա է՝ մեր խնդիրները, բայց մեր խնդիրները պետք է վերև բարձրացնենք, որ տեսնենք մեր դեմքը: Սկսենք տեսնել բաներ, որոնք վեր են մեր առօրյա կյանքից»,– ասաց նա:
«Մեր թիկունքում տեսնենք մեկ այլ բան՝ դեպի ուր ենք մենք գնում: Մեր արժեքները բավականին խաթարվել են՝ անցումային շրջանի պատճառով»,-նշեց նա և ավելացրեց, որ մենք մի երկիր ենք, որ ունի հզոր անցյալ, բայց այն չենք կարողանում ներկայացնել նոր սերնդին ու աշխարհին:
Մերուժան Տեր–Գուլանյանն ընդգծեց, որ ամսագրի խմբագրության դռները բաց են բոլոր ստեղծագործողների համար՝ առանց կուսակցական պատկանելիության:
Նրա նաև նշեց, որ ամսագիրը չունի հովանավորողներ, չկան գովազդներ և հույս հայտնեց, որ ամսագրին կբաժանորդագրվի 5000 մարդ, որպեսզի այն կարողանա «իր գլուխը պահել»:
«Բանակին ու դպրոցներին այն կվաճառվի 1000 դրամով, իսկ սովորական մահկանացուների համար՝ 2000: Մեր կարգախոսը՝ ««Անդին»-ին բաժանորդագրվելը պատիվ է, իսկ կարդալը՝ հարստություն»»,- ասաց նա:
«Անդին»-ի առաջին համարում կարելի է կարդալ ՀՀ նախագահի հարցազրույցը, իսկ հետագա համարներում՝ ԽՍՀՄ–ի օրոք Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և այլն:
Մերուժան Տեր Գուլանյանը հավաստիացրեց, որ իրենք լրջորեն անդրադառնալու են նաև հայոց բանակին , և հենց այդ պատճառով է, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգրկվել ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:










