Նստարաններին տեղադրված մտավորականների արձանները կտեղափոխվեն թանգարաններ. Արամ Սուքիասյան
Առաջիկա օրերին Երևանի կենտրոնում նստարանների վրա տեղադրված մտավորականների արձանները, ինչպես և նախատեսված էր, կտեղափոխվեն համապատասխան թանգարաններ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:
«Ֆրունզիկի արձանը կտեղափոխվի Գյումրիի Մհեր Մկրտչյանի անվան թանգարան, Պարույր Սևակինը` իր անվան թանգարան և այլն: Սա կլինի Երևանի քաղաքապետարանի նվերը տվյալ թանգարաններին, որոնք մեծ սիրով և ուրախությամբ ընդունում են այդ նվերը»,- ասաց նա:
Արամ Սուքիասյանը նշեց, որ գարնանը, նստարաններին կտեղադրվի քանդակների նոր խմբաքանակ՝ Մինաս Ավետիսյան, Հրաչյա Ներսիսյան և այլն, որոնք նույնպես 1-2 ամսից կտեղափոխվեն համապատասխան թանգարաններ:
«Պետք է այն տրամաբանությամբ առաջնորդվել, որ դրանք ոչ թե արձաններ են, այլ դեկորացիայի սկզբունքով ստեղծված քանդակներ»,-ասաց նա:










