Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը բավարար չէ կանխելու ուղեղների արտահոսքը. Գևորգ Վարդանյան
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը ողջունելի է, բայց ոչ բավարար կանխելու ուղեղների արտահոսքը. այսօր ամփոփելով 2012 թ-ի հունվարի 1-ից մեկնարկված ծրագիրը, ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը:
«1991 թ-ի համեմատությամբ՝ գիտական աստիճան ունեցողների թիվը կազմում էր 9 238 մարդ, իսկ 2012 թ-ին նրանց թիվը կազմում է 2577 մարդ»,-ասաց նա և հավելեց, որ եթե շարունակվի այս տեմպերով, ապա կունենանք գիտության լուրջ ծերացում:
Ըստ Գևորգ Վարդանյանի՝ այս ամենը կանխելու համար պետք է լուրջ ռազմավարություն մշակվի՝ բիզնեսի ներգրավման միջոցով:
«Իհարկե ռազմավարությունը մշակման փուլում է, 2011-ից 2015 և 2015-20 թթ-ին գիտության ոլորտի երիտասարդների վարչարարության ծրագիր է մշակված, սակայն հստակ թվեր չկան, թե 2013, 2014, 2015 թթ-ին քանի տոկոս պետք է գիտության ֆինանսավորումը ավելացվի: Այսօր գիտությանը տրամադրվում է ՀՆԱ-ի 0,25%-ը, սակայն հայտնի է, որպեսզի գիտությունը զարգանա, պետք է ՀՆԱ-ի 1%-ը տրամադրվի»,- ասաց նա:
Գևորգ Վարդանյանը նշեց, որ գիտության արդյունք համարվում են տպագրված հոդվածները և կիրառական ոլորտը: «Առաջինի դեպքում մենք լավ դիրքում ենք՝ շնորհիվ մեր խանդավառ գիտնականների, որոնք նման պայմաններում շարունակում են լավ աշխատել՝ բարձր պահելով հանրապետության պատիվը: Սակայն, եթե այսպես շարունակվի, մենք 5-10 տարի հետո կունենանք լուրջ ծերացում»,- ասաց նա:
Անդրադառնալով ծրագրին՝ նա նշեց, որ այն բաղկացած է 4 հիմնական ուղղություններից` երիտասարդ գիտնականների գիտական գործողումների համար մրցութային հիմունքներով տրամադրվող ֆինանսական աջակցություն, երիտասարդ գիտնականների գիտական ժողովների, գիտական դպրոցների համար կազմակերպվող ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում և երիտասարդական գիտական մրցանակաբաշխության կազմակերպում ու ֆինանսավորում:
Գևորգ Վարդանյանի խոսքով՝ այս 6 ամիսների ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, ընդունվել են մեծ թվով հայտեր:
«Երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների համար մրցութային կարգով ֆինանսական աջակցությունը եղել է 6 395 287 դրամ, երիտասարդ գիտնականների գիտական ժողովների և այլ միջոցառումների կազմակերպման համար ընդունվել է 16 հայտ»,- նշեց Գևորգ Վարդանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ 2013 թ-ին ՀՀ ԿԳ նախարարության գիտական կոմիտեի հետ համատեղ հասարակական գիտությունների ոլորտում կիրականացվի երիտասարդ գիտնականներին 2013 թ-ի դրամաշնորհային մրցույթը:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում տեղի է ունենում նաև գիտական լրագրողների մրցույթ, որը գիտական ոլորտը լուսաբանող լրագրողների և քաղաքացիների համար է:










