Google-ի քարտեզները վերադառնում են iPhone և iPad. ընկերությունը ներկայացրել է քարտեզային նոր հավելվածը

12:40 • 13.12.12

Տեղեկատվական տեխնոլոգիաների հսկաներից մեկը՝ Google-ը, ներկայացրել է iPhone-ի, iPad-ի և iOS օպերացիոն համակարգի հիման վրա գործող այլ սարքերի համար նախատեսված քարտեզային հավելվածը, որը սեփական քարտեզային ծրագրով փոխարինելու անհաջող փորձ էր արել Apple-ը, գրում է Газета-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։

 

Google Maps-ի անվճար հավելվածը հասանելի է աշխարհի 40 երկրներում՝ 29 լեզուներով։
«Ամբողջ աշխարհում մարդիկ խնդրում էին, որպեսզի Google Maps-ը հասանելի լինի նաև iPhone-ի համար։ Այսօրվանից մենք ուրախ են հայտարարել, որ այդ ցանկությունն արդեն իրականություն է»,-նշվում է Google-ի կայքում։

 

Google Maps-ի նոր հավելվածը հնարավորություն կտա օգտագործել այն որպես GPS, ինչը բացակայում էր Google-ի նախորդ քարտեզային տարբերակում՝ Apple-ի և Google-ի միջև տարաձայնությունների պատճառով։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Apple-ը հայտարարել էր, որ հրաժարվում է իր գլխավոր մրցակցի քարտեզային ծառայությունից և ստեղծում է դրան համարժեք սեփական տարբերակը։ Սեպտեմբերի 21-ին վաճառքի հանված նոր iPhone-ներում գործում էր արդեն Apple Maps-ը, որից շատ դժգոհ են մնացել օգտատերերը՝ նշելով, որ այն սխալ տեղեկություններ է տալիս։
 

Google-ի քարտեզները վերադառնում են iPhone և iPad. ընկերությունը ներկայացրել է քարտեզային նոր հավելվածը