Շատ լավ կլիներ, որ Հայաստանում գործեր առանձին մանկական ալիք. հոգեբան
Մանկական հեռուստատեսության օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանն ասաց, որ շատ լավ կլիներ, որ Հայաստանում գործեր առանձին մանկական ալիք, քանի որ հայկական հեռուստաընկերությունները գրեթե չեն ցուցադրում մանկական հաղորդումներ:
«Նախկինում կար «Հայրենիք» հեռուստաալիքը, որտեղ ամեն ինչ կար երեխաների հետաքրքրությունը բավարարելու ու նրանց մտավոր զարգացումը փոքր-ինչ ապահովելու համար: Մանական հաղորդումները միայն մուլտերով, ֆիլմերով ու հեքիաթներով չի սահմանափակվում: Արևմուտքում կան մանկական սոցիալական գովազդներ, որտեղ պրոպագանդվում է առողջ սնունդ»,- ասաց նա:
Սամվել Խուդոյանը նշեց, որ այսօր հայկական հեռուստաալիքներով գրեթե չեն ցուցադրվում ինտելեկտուալ հաղորդումներ: Խնդիրը, ըստ նրա, մասնագետների պակասն է, քանի որ ինչ էլ որ արվում է՝ ձանձրալի ու միօրինակ է ստացվում:
«Օրինակ՝ ես մի նախագիծ ունեմ, որ արդեն 10 տարի է չեմ կարողանում իրագործել: Հոգեբանությանը վերաբերող հաղորդում, որը կփորձի բացահայտել հանճարեղ մարդկանց ապրելակերպը, ստացած դաստիարակությունը ու հասարակ մարդկանց խորհուրդներ կտա, թե ինչպես դաստիարակեն իրենց երեխաներին, որպեսզի նրանք քիչ թե շատ հաջողություններ ունենան կյանքում»,- ասաց նա:
Հոգեբանը ցավով նշեց, որ այսօրվա սերունդը դաստիարակվում է կրիմինալով: Ըստ նրա, նույնիսկ եթերում քիչ հանդիպող մուլտֆիլմերը բարի չեն ու կրկին ագրեսիա են քարոզում:










