Հայաստանում գիտության ֆինանսավորումն անհրաժեշտ է ավելացնել. աստղագետ

14:28 • 14.12.12

Թեև ՀՀ պետական բյուջեն փոքր է, բայց գիտությանը տրամադրվող միջոցները անհրաժեշտ է մեծացնել, կարծում է աստղագետ Արեգ Միքայելյանը:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հաճախ է հանդիպումներ ունենում ՀՀ նախագահի հետ և բարձրացնում է գիտության ֆինանսավորման հարցը:


«Ռադիկ Մարտիրոսյանի տպավորությամբ մեր նախագահը շատ մեծ ցանկություն ունի, տրամադրված է գիտությունը խթանել, բայց հնարավորություններ չկան: Իմ կարծիքով դա այդքան էլ ճիշտ չի»,– ասաց նա:


«Հարցն այն է, թե ինչպես պետք է բաշխել ֆինանսները՝ ինչին ինչքան տրամադրել: Այստեղ գիտությունը կարևորելու կամ չկարևորելու խնդիր է: Միջին երկրների թվում գիտության նկատմամբ վերաբերմունքի առումով մեր երկիրը հպարտանալու տեղ չունի: Պետական բյուջեն փոքր է, բայց գիտության տոկոսը պետք է ավելի բարձր լիներ»,- ավելացրեց աստղագետը։


Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իշխանափոխության դեպքում գիտության ֆինանսավորման ուղղությամբ որևէ բան կփոխվի, Արեգ Միքայելյանը նշեց, որ, նախ և առաջ, պետք է փոխվի հասարակության վերաբերմունքը:


«Ես չէի ասի, որ իշխանափոխությունը կնպաստի հարցի լուծմանը: Դա չի նշանակում, որ ես իշխանամետ եմ կամ ընդդիմադիր: Այսօր մեր հասարակությունը չի կարևորում գիտությունը: Այդ նույն հասարակության անդամներն են կառավարության անդամները»,– ասաց նա:


«Որոշ կուսակցություններ իրենց ծրագրերում խորհրդարանական ընտրություններից առաջ ավելացրին գիտության ֆինանսավորման բարձրացման հարցը, բայց դրանով հասարակության ընկալումը չի փոխվում»,- նշեց նա և ընդգծեց, որ այսօր Կառավարությունը կարևորում է այն, ինչ կարևորում է հասարակությունը:

Հայաստանում գիտության ֆինանսավորումն անհրաժեշտ է ավելացնել. աստղագետ