Քաղաքապետարանում 3 օր կցուցադրվեն «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների աշխատանքները

11:45 • 14.12.12

Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ ծրագրերը լինելու են շարունակական և այսօր արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար մայրաքաղաքն առավել մատչելի ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ:


Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մշտական ուշադրության ու հոգածության համար, հույս է հայտնել, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում շատ շուտով Երևանն առավել մատչելի կդառնա նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող բնակիչների համար:


Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է նաև համերգային ծրագիր: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են հաշմանդամություն ունեցող անձանց «Փարոս» երգչախումբը և անհատ կատարողներ:


Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ ընթացիկ տարում միջազգային և քաղաքային մրցույթներում մարզական հաջողություններ գրանցած հաշմանդամները, ինչպես նաև ցուցահանդեսի ու համերգային ծրագրի մասնակիցները պարգևատրվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով:


Երևանի քաղաքապետը զրուցել է միջոցառման մասնակիցների հետ, շրջել սրահում և ծանոթացել ներկայացված աշխատանքներին: