Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջում տնօրենի թափուր տեղի մրցույթը կայացավ. այն հաղթահարել են երկու թեկնածու
Այսօր Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջում անցկացվեց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել նույն պետական քոլեջի մասնագիտական առարկայի դասախոս Դավիթ Դավթյանը, քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Մնացականյանը, և Երևանի «Հայբուսակ» համալսարանի մանկավարժական ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը:
Այս մասին Tert.am–ին հայտնեց Աննա Մնացականյանը և կարծիք հայտնեց, որ տնօրենի նշանակումը պետք է կատարվի մինչև երկուշաբթի, «որովհետև ուսումնական հաստատությունը պետք է ղեկավարվի ինչ-որ մեկի կողմից»:
Մրցույթի առաջին՝ բանավորի փուլը մասնակիցները հաղթահարել են հետևյալ արդյունքներով. Արմեն Հարությունյան՝ 20 միավոր, Աննա Մանուկյան 19 միավոր, Դավիթ Դավթյան՝ 18 միավոր:
Երկրորդ փուլից՝ բանավոր հինգ հարցերին պատասխանելուց և Քոլեջի իրենց զարգացման հնգամյա ծրագրերը ներկայացնելուց հետո, մրցույթը հաղթահարել են Աննա Մնացականյանը և Արմեն Հարությունյանը, ովքեր պատասխանել են 5-ից 4 հարցերին՝ բանավոր քննությունից: Ինչ վերաբերում է Դավիթ Դավթյանին, ապա վերջինս ոչ մի հարցի չի պատասխանել։
Ըստ կանոնադրության, մրցույթը հաղթահարած երկու թեկնածուներին խորհուրդը պետք է նշանակի, իսկ մինչ այդ փակ քվեարկությամբ իր վերաբերմունքն է արտահայտել նրանց նկատմամբ: Աննա Մնացականյանը Խորհրդի կողմից ստացել է 11, Արմեն Հարությունյանը՝ 9 ձայն:
Վերջնական որոշումը կայացնելու է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ Աննա Մնացականյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տնօրենի պաշտոնակատար նշանակվեց ամուսնու՝ Նարեկ Առուշանյանի մահից հետո, ով ղեկավարում էր քոլեջը, ինչից հետո կազմավորվեց նախաձեռնող խումբ, որը բողոքում էր Աննա Մնացականյանի թեկնածության դեմ՝ նշելով, որ նա կապ չունի ուսումնարանի հետ և մասնագիտությամբ կիբեռնետիկ է:
Նշենք, որ նախաձեռնող խմբում էր նաև Դավիթ Դավթյանը: «Ես արդեն գերդասատանային մակարդակով իմ կենսագրական տվյալները հաղորդել եմ, ես երկրորդ մասնագիտությամբ ազգագրագետ եմ և դա գտնվում է մշակութային, մշակութաբանական դաշտում»,- ևս մեկ անգամ այս հարցադրումներին անդրադարձավ Աննա Մնացականյանը՝ նշելով, որ ոչ ուսումնական հաստատության կանոնադրության, ոչ օրենսդրական դաշտում, ոչ էլ մրցութային կարգով չկա թերլեմեզյանավարտ կամ նկարիչ լինելու պահանջ:
Ինչ վերաբերում է այդ խոսակցությունների զուտ բարոյական կողմին, ապա Աննա Մնացականյանը նշեց. «Քանի որ գործ ունեմ իրենց տղամարդ համարող մի քանի արարածների բոլուկի հետ, բնականաբար, այդ խոսակցությունները չեն կարող ազդել»:
Աննա Մնացականյանի՝ զարգացման ծրագրերի թեզերն ընդգրկում են ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ ծրագրեր: Վերջինների մեջ ընդգրկված են՝ դասացուցակների և մասնագիտական բաշխման փոխկապակցվածությունը ներկա կրթական պետական չափորոշիչներին, մոտեցումներ ուսանողների գնահատման համակարգի վերաբերյալ և այլն:
«Պետք ներդրվի գնահատման կրեդիտային համակարգ: Մենք խնդիր ունենք, որովհետև մեզ մոտ դասավանդվում են առարկաներ, որոնք չունեն պետական, կրթական չափորոշիչներ»,-ասաց Աննա Մնացականյանը և հավելեց, որ մինչև հիմա դրանք գնահատվել և որակ են տվել միմիայն այն բանի շնորհիվ, որ մասնագետներն են եղել: Չափորոշիչներ չունեցող այդ առարկաներն են՝ գունանակարը, գծանկարն ու քանդակը:
Կարճաժամկետ ծրագրի մեջ է մտնում քոլեջի գրաֆիկայի լաբորատորիան և ձուլարանի շահագործումը, որը բերվել է հենց Աննա Մնացականյանի կողմից: Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրերին, ապա դրանց թվում է նաև Փարիզի դիզայնի դպրոցի հետ ուսանողների փոխանակումն ու համակարգչային օժանդակությունը իրենց համապատասխան ծրագրերով:










