Իռլանդիայում նավթագազային վառելիքի փոխարինող են գտել և կրկնապատկել անտառները
Իռլանդիայի անտառապահները կամավոր սկզբունքներով ամբողջ անտառներ են տնկում: Բազմաթիվ ծառերը ոչ միայն գեղեցիկ են և օդն են մաքրում, այլև որպես վառելիք են ծառայում, հաղորդում է rt-ն` հղում կատարելով The Irish Times-ին:
Անտառապահների մոտ այնքան շատ փայտ է կուտակվել, որ նրանք մտածում են այն վաճառել և դրանով նվազեցնել երկրի կախվածությունը էներգակիրներից:
Ներկայում Իռլանդիայի անտառների գրեթե կեսը սեփական են: Դրանք պատկանում են փոքր գյուղացիական տնտեսություններին: Միևնույն ժամանակ Իռլանդիայի անտառածածկույթի մակարդակը Եվրոպայում ամենացածրերից է, միայն մոտ 10%: Սակայն կղզու կլիման և ռելիֆը չափազանց բարենպաստ են ծառերի համար` դրանք այդտեղ աճում են շատ ավելի արագ ու բարձր, քան Երկրի այլ հատվածներում, գրում է The Irish Times-ը:
Տեղի բնակլիմայական պայմանների պոտենցիալը լավագույնս օգտագործելու և անտառածածկույթը ավելացնելու համար, գյուղատնտեսության նախարարությունը մշակել էր անտառային տնտեսություններ ստեղծելու համար կատարվող ծախսերը կոմպենսացնելու բազմաթիվ սխեմաներ: Անտառի համար տրվող դրամաշնորհները նաև ազատվում էին շահութահարկից:
Նման քաղաքականությունը տվեց իր արդյունքները: Անտառների մակերեսը վերջին տարիներին աճում է, իսկ բազմաթիվ անհատ անտառապահների մոտ մեծ քանակի փայտանյութ է կուտակվել, որը կբավարարի, որ առաջիկա 10 տարին հնարավոր լինի տաքացնել մոտակայքի տնտեսությունները:
Նրանց բոլորին արդեն պետք չէ ավանդական դարձած նավթա-գազային վառելիքը, այժմ նրանք փայտ վառելիքի մի մասը պահում են իրենց, մյուսը վաճառում արտադրամասերին: Փայտանյութի գինը գնալով աճում է, քանի որ աշխարհում անտառային հրդեհները շատ տարածված են, ինչպես նաև հսկայական քանակի անտառներ պարզապես հատվում են:
Պարզվեց, որ Իռլանդիան կարող է հեշտությամբ կարգավորել և կայուն կերպով հսկա քանակով էկոլոգիապես մաքուր էներգիա արտադրել փայտի ձևով: 1981թ. երկրում 400 հազար հեկտար անտառային տնտեսություն կար: Այժմ այդ ցուցանիշը կրկնապատկվել է հասնելով 800 հազարի` դրամաշնորհների հաշվին, որոնք ծածկում են անտառատնկման և տարեկան հարկերի վճարումները 20 տարվա ընթացքում:










