«Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» նախագծում մեկնարկում է «մենամարտ» փուլը
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 22:00-ին (կրկնությունը` կիրակի,17:30) Արմենիա հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի «Մենամարտ» փուլի 1-ին թողարկումը: Այս թողարկման ընթացքում հիմնական «Կույր լսումներ» փուլը հաղթահարած մասնակցիները կներկայանան զուգերգերով՝ նորովի ձևափոխված տաղավարի ռինգում: Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից։
«Պայքարը թեժ է լինելու... Առաջիկա 5 հաջորդական հաղորդումները՝ 4 «Մենամարտ» և 1 «կարմիր գոտի», կփոխանցեն հեռուստադիտողին թե´ մարզիչների, թե´ մասնակիցների և թե´ հանդիսատեսի աննկարագրելի հուզմունքն ու ապրումները»,- մասնավորապես նշվում է հաղորդագրությունում:
Ըստ THE VOICE միջազգային ձևաչափի ուղեցույցի՝ նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: «Կույր լսումներ» փուլի և WILD CARD -ի արդյունքում «Մենամարտ» փուլ անցնում են 56 մասնակիցներ. յուրաքանչյուր մարզչի թիմում՝ 14 մասնակից: «Կույր լսումներ» փուլի ավարտին աստղային մարզիչներից յուրաքանչյուրը ունենում է 13 մասնակից, իսկ WILD CARD –ից հետո յուրաքանչյուր մարզիչ իր խումբ է վերադարձնում ևս 1 մասնակցի: Ընդհանուր հաշվով, մասնակիցների վերջնական թիվը պետք է լինի զույգ՝ 14:
«Մենամարտ» փուլի սկզբում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները կատարում են զուգերգ, որից հետո մարզիչը ինքն է կատարում ընտրությունը և իր կարծիքով ամենախոստումնալից մասնակցին պահում իր թիմում: Ըստ մրցույթի կանոնների՝ նախագծի «Մենամարտ» փուլի ավարտին յուրաքանչյուր մարզչի թիմում առկա բացառիկ ձայնային տվյալներով օժտված 14 մասնակցիներից ընդամենը 6-ն են անցնում գալահամերգային փուլ:
Քանի որ նախագծում մրցակցությունն ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է նախագծում պահել իր ամենաուժեղ մասնակցին՝ մինչև գալահամերգային փուլի եզրափակիչ: Համապատասխանաբար, «Մենամարտ» փուլում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները երգում են 7 զուգերգ, և նրանցից միայն 7-ն են այն հավանական հավակնորդները, ովքեր պետք է անցնեն գալահամերագային փուլ՝ պայքարը շարունակելու: Քանի որ յուրաքանչյուր մարզչի թիմից միայն 6 մասնակից կարող է անցնել գալահամերգային փուլ, մարզիչը վերոնշյալ 7 մասնակիցներից 5-ին վստահաբար անցկացնում է հաջորդ փուլ, իսկ 2-ին տալիս կարմիր գոտում ևս մեկ անգամ երգելու հնարավորություն, որից հետո նրանցից մեկին ընձեռում նախագծում պայքարը շարունակելու իրավունք: Ի հավելումն, կարմիր գոտին վերոնշյալ 2 մասնակցիներին լրացուցիչ հնարավորություն է տալիս կրկին կատարելու «Կույր լսումներ» փուլի իրենց երգը, որից հետո մարզիչն ինքն է որոշում, թե նրանցից ով է շարունակելու պայքարը նախագծում: Ընդհանուր առմամբ, գալահամերգային փուլ է անցնում 24 մասնակից. յուրաքանչյուր մարզչի թիմից՝ 6-ական մասնակից:










