Գիտնականներին հաջողվել է մշակել բիոպսիայի առավել արդյունավետ այլընտրանքը
Ճապոնացի և ամերիկացի գիտնականների խումբը մշակել է մի տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս արյան մեջ առկա, զարգացման վաղ փուլում գտնվող քաղցկեղային բջիջները հայտնաբերել և «պահ տալ» դրանք, որպեսզի հեշտ լինի բացահայտել օրգանիզմում քաղցկեղի տարածման մեխանիզմը։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, նոր նանոսարքը կարող է արդյունավետ այլընտրանք լինել բիոպսիայի ցավոտ գործընթացի համար, որը ներկայում կիրառվում է մետաստազային քաղցկեղի ախտորոշման համար։ Սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել հիվանդի արյան մեջ շրջանառվող քաղցկեղային բջիջները շատ ավելի վաղ ժամանակահատվածում, քան դրանք կհասցնեն տարածվել։ Արդյունքում գիտնականները կկարողանան պահպանել ուռուցքները՝ հետագա հետազոտության համար։
Նմանատիպ այլ սարքերից այս մեկը տարբերվում է նրանով, որ թույլ է տալիս հայտնաբերել քաղցկեղային բջիջները և պահպանել դրանք կենսունակ՝ շնորհիվ պոլիմերային «խոզանակների», որոնք բարձր ջերմաստիճանի շնորհիվ քաշում են անհրաժեշտ բջիջները։










