2012-ին ՀՀ–ում գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը նվազել է. բժիշկ

12:36 • 17.12.12

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ՝ հանրապետությունում հարբուխի և սուր շնչառական վարակի տարածումը նվազել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

 

«Մեկ շաբաթվա ընթացքում 2-3 հազար դեպք է, որը նախորդ տարվա համեմատ 1,15 անգամ նվազել է: Բնական շեմին ենք, անհանգստացնող չէ, եթե բարձրանա, ավելի հետամուտ կլինենք: Մենք անցկացնում ենք շաբաթական մոնիթորինգ՝ հետևելով սեզոնային շարժընթացին»,- ասաց նա:

 

Ըստ մասնագետի՝ սեզոնային գրիպի շրջանում ավելի շատ հիվանդանում են 0-14 տարեկան երեխաները: «Սեզոնային գրիպի ընթացքում ավելի շատ փոքրիկներն են հիվանդանում: Դա իմունիտետի խնդիր է, մեծերի մոտ ցածր տոկոս է կազմում»,- բացատրեց նա:

 

Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ գրիպի տարածման առաջին գործոնը հիվանդ մարդն է, իսկ կանխման առաջին պայմանն այն է, որ հիվանդը դուրս չգա տանից հասարակական միջավայր կամ գնա աշխատանքի:


«Սեզոնային գրիպը կանխելու համար, նախևառաջ, հիվանդ մարդը չպետք է դուրս գա աշխատանքի կամ հասարակական վայրեր, որպեսզի հիվանդությունը չփոխանցի առողջ մարդկանց: Պետք է տնօրենը հետևի, որ աշխատողը հիվանդ չգնա գործի»,- ասաց նա:

 

Իսկ հիվանդ մարդը, եթե, այնուամենայնիվ, դուրս է եկել հասարակական վայր, ապա, ըստ մասնագետի, հազալիս կամ փռշտալիս պետք է բերանը փակի ոչ թե ձեռքի ափով, այլ արմունկի մասով:

 

«Սեզոնային վարակներից խուսափելու համար, առաջին հերթին պետք է հագնվել եղանակային պայմաններին համապատասխան. ձեռնոց , գլխարկ, տաք հագուստ: Հաճախ կիտրոնով թեյ օգտագործել: Կարևոր է ձեռքերի հիգիենան պահել, անընդհատ լվացվել: Շատ արդյունավետ է օրինակ՝ օքսալինի մազը, քսել քթին, որ չվարակվեն»,- խորհուրդ տվեց նա՝ հիշեցնելով սխտորի օգտակարությունը:


Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ հարբուխով հիվանդանալիս, մարդիկ ավելի շատ են սկսել դիմել բժշկի՝ ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն, ինչն, ըստ նրա, գովելի է:


«Եթե մարդը հիվանդացել է սուր շնչառական վիրուսով՝ գլխացավ, մկանացավ, ջերմության բարձրացում, հարբուխ, անպայման դիմել բժշկի»,- ասաց նա:
 

2012-ին ՀՀ–ում գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը նվազել է. բժիշկ