uCom-ը մրցակից կունենա. Ռուսական «Ռոստելեկոմը» կսկսի ծառայություններ մատուցել հայկական շուկայում (գնացուցակ)
Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը սկսում է ծառայություններ մատուցել նաև հայաստանյան շուկայում: Ընկերությունն իր ծառայությունները կմատուցի ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի միջոցով, որը իր հերթին հանդիսանում է Ռոստելեկոմի դուստր ձեռնարկություն, և «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից։
Հայաստանյան շուկա ընկերության մուտքն ազդարարելու համար վաղը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տրդատ Երկրորդ սրահում տեղի կունենա մամլո ասուլիս ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ նույն օրը՝ ժամը 13:30 պաշտոնապես կբացվի վաճառքի և սպասարկման առաջին սրահը Աբովյան քաղաքում:
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական անձանց ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունը:
Նկատենք, որ նմանատիպ ծառայություններ հայկական շուկայում մատուցում է մեկ այլ օպերատոր՝ uCom-ը, և, ըստ էության, ռուսական ընկերությունը շուկա է մտնում որպես նրան մրցակից։
«2012թ. դեկտեմբերին մեր ընկերությունը սկսում է կապի ծառայությունների վաճառքը ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո,- ասել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: -Կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը բացվել է Աբովյան քաղաքում, ուր տեղակայված է նաև ընկերության գլխամասը: Մինչ տարվա վերջ կգործարկվեն 5 վաճառքի սրահներ, իսկ հունվարին պլանավորում ենք համալրել այդ թիվը ևս 4-ով»։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը նշել է, որ այսօր իրենց կազմակերպությունը հանդիսանում է միանշանակ առաջատարը ռուսաստանյան ինտերնետ հասանելիություն մատուցող ընկերությունների շարքում և դա է պատճառը, որ իրենց համար նշանակալի է մուտքը հայաստանյան շուկա: Առաջին անգամ ժամանակակից ծառայությունները «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո հասանելի կլինեն օգտագործողներին ՌԴ սահմաններից դուրս:
«Հատկանշական է, որ ՌԴ-ից հետո ՀՀ-ն առաջին երկիրն է, ուր Ռոստելեկոմ ընկերությունն սկսեց տրամադրել իր ծառայությունները»,- նշել է Ա. Պրվոտորովը:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
2012թ.-ին ընկերության կողմից ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ հաջողությամբ գործարկելով «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան 11 քաղաքներում, իսկ դեկտեմբեր ամսից վաճառքներ իրականացվում են արդեն ՀՀ երեք քաղաքներում: Ընկերությունն առաջիկայում պլանավորում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ 2013-2014թթ. ընթացքում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» դուստր ձեռնարկությունը, այն բանից հետո, երբ 2012թ.-ի փետրվարի սկզբին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության 75% - 1 բաժնետոմսերը 22,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Ընկերության կայքում՝ www.rtarmenia.am, կարելի է գտնել ծառայությունների գնացուցակը, որը ներկայացնում ենք ստորև.

* * *
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն (www.rtarmenia.am; www.gnc.am) հանդիսանում է ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները:
Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա և կառուցված է գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բիզնեսի կարիքները, և տարածված է ՀՀ ողջ տարածքով՝ ապահովելով ծառայությունների հասանելիությունը ավելի քան 47 քաղաքներում:
2012թ. դեկտեմբերից ընկերությունը հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում, իսկ 2013թ. առաջին եռամսյակում ընկերությունը պլանավորում է մուտք գործել վճարովի հեռուստատեսության հայաստանյան շուկա:
* * *
«Ռոստելեկոմ» (www.rostelecom.ru) ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասնելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ընկերությունը հանդիսանում է բջջային կապի օպերատոր, որն ակտիվ զարգացնում է նոր սերնդի անլար ցանցերը: Ներկայումս բջջային աբոնենտների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:
«Ռոստելեկոմ» ընկերությունն առաջատար է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների շարքում:
Առաջատար դիրքերը պահպանվում են նաև էլեկտրոնային կառավարության ոլորտում ինովացիոն լուծումների, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-» մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:










