Թուրքիան փորձել է խոչընդոտել «Սասնա ծռերը» ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառելուն

14:59 • 17.12.12

ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Սասնա ծռերը» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելուն, ասաց, որ Թուրքիայի կողմից կար որոշ խանդ, բայց հայկական «պատվիրակության փայլուն դիվանագիտության արդյունքում հնարավոր է եղել հեռացնել թշնամիների ոտնձգությունները»։


«Մենք կարողացանք վերջիններիս համար հստակեցնել այն, որ «Սասունցի Դավիթը» ստեղծվելիս նույնիսկ Հայաստանը ստեղծված չէր, ո՞ւր մնաց թե Օսմանյան կայսրությունը»,– ասաց նա։


Վահրամ Կաժոյանը նաև նշեց, որ իրենց վերջին ձեռքբերումները կապված են մշակույթի ոլորտի հետ, և վերջին շրջանում հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ ստեղծվել է ակտիվ համագործակցություն։


ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը տեղեկացրեց, որ հայտն ընդունվել է «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» վերնագրով։


«Դեկտեմբերի 3-7-ը Փարիզում կայացած հանձնաժողովի քննարկմանը ներկայացված 70 նախնական հայտերից հաստատվեցին 27–ը, որոնց թվում էր նաև «Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտը»,– ասաց նա՝ նշելով, որ այդ ցանկում ընդգրկվելը նշանակում է, որ երկիրն արդեն կատարել է աշխատանք, և դա պարտավորեցնում է երկրին շարունակել նման աշխատանքները։


Արև Սամուելյանի տեղեկացմամբ՝ մինչ այժմ Հայաստանը մշակույթի ոլորտում վավերացրել է երեք կոնվենցիա, և հաջորդ քայլը մշակութային բազմազանության կոնվենցիայի պատրաստումը կլինի։ Ըստ նրա՝ այս ամենը հնարավոր դարձավ իրականացնել Արտգործնախարարության և Մշակույթի նախարարության լուրջ աշխատանքների շնորհիվ։


ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում սա Հայաստանի երրորդ հայտն է. մյուս երկուսով այդ ցանկում ընդգրկվել են հայկական խաչքարը և դուդուկը։