Ավետ Բարսեղյանն ազատ մեկնաբանության է թողնում մասնակցի երգելու մասին՝ իր «ո» տառով սկսվող բաներ ասելու մասին խոսքերը (վիդեո)

16:43 • 17.12.12

«Շանթ» հեռուստաընկերության «Իքս ֆակտոր» նախագծի լսումների իններորդ օրը ժյուրիի անդամների և մրցույթի մասնակիցների միջև արտասովոր միջադեպեր արձանագրվեցին:


Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արթուր Բաղդասարյան անուն-ազգանունով Էջմիածնի բնակիչը ժյուրիի անդամների առաջ հայտարարելով, որ պրոֆեսիոնալ երգիչ է, պատմեց, որ «Վաղարշապատ ստուդիայի» (որտեղ հանդես է գալիս Արթուր Բաղդասարյանը) մոսկովյան մի համերգի ժամանակ ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից Իգոր Կրուտոյը այցելել է և իրեն՝ Արթուր Բաղդասարյանին ու Մարիետա անունով մի աղջկա, «Без тебя» երգն է նվիրել: Այնուհետև Արթուրը պատմեց, որ համերգներով շրջագայել է աշխարհի շատ բեմերում և ժյուրիի անդամի այն հարցին, թե՝ նաև «Կրեմլյովսկիո՞ւմ», պատասխանեց՝ «հա, երևի»:


Քանի որ մասնակիցն իր «մինուսը» մոռացել էր տանը, որոշվեց, որ նա կերգի ակապելա՝ «Я буду руки твои целовать»: Ժյուրիի փռթկոցների ուղեկցությամբ կատարումը լսելուց հետո զրույցն ավելի սրվեց:


«Չէ, ես ո՞վ եմ իլե, որ քեզ ստոպ տամ»,- ասաց Ավետ Բարսեղյանը, ինչին ի պատասխան մասնակիցն ասաց՝ «ամսի ութին, որ Էջմիածնում համերգ էիր տալիս, ես էլ էի երգում», Ավետ Բարսեղյանն ուղղեց, որ ոչ թե համերգ էր տալիս, այլ վարում էր ու նաև երդվեց, որ Արթուր Բաղդասարյանի անունը չի հայտարարել, թե չէ անպայման կհիշեր: Սրան հետևեց Արթուր Բաղդասարյանի հորդորը, թե՝ «հորդ Աստծուն, մեռնե՛մ, ասա՝ հա կամ չէ»: Ավետ Բարսեղյանն էլ ասաց, որ իրեն «այո» կամ «ոչ» ասելուց առաջ պետք է «ո» տառով մի բան ասի Բաղդասարյանի երգի մասին:


Այնուհետև, ժյուրիի և Արթուրի միջև խոսքակռիվն ավարտվեց, մինչև որ չորսով նրան «ոչ» ասացին», իսկ նախքան այդ, մի նկատողություն էլ հասցրեց անել ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանը («Վիտամին» ակումբի Գարիկը), ով ասաց, որ նա արդեն «երկարացնում» է:


Արթուր Բաղդասարյանի հեռանալուց հետո միջադեպ գրանցվեց նաև հաջորդ մասնակցի՝ իրանցի Շաքե Մովսիսյանի և այս անգամ կոնկրետ Ավետ Բարսեղյանի միջև, ով օգտվեց իր՝ երգն ընդհատելու իրավունքից և աղջկան ասաց, որ «չի կարելի անընդհատ ձանձրանալ»։

 

Շաքե Մովսիսյանն էլ այնքանվիրավորվեց, որ հեռացավ բեմից, բայց հետո, անսալով ժյուրիի մյուս անդամների հորդորին հետ եկավ, մի կտոր էլ ակապելա կատարեց և, ի վերջո, արժանացավ այոների ու անցավ հաջորդ փուլ:
Tert.am-ը միջադեպի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց Ավետ Բարսեղյանից:

 

-Ի՞նչ նկատի ունեիք, ասելով «ո» տառով բաներ կարող եմ ասել մասնակցի երգելու կարողությունների վերաբերյալ,այն, ինչ բոլո՞րս հասկացանք:


-Ինձ թվում է՝ այո: Ով՝ ոնց մեկնաբանում է, թողնում եմ ազատ մեկնաբանությանը:


- Ձեզ այս հարցում կաշկանդված չե՞ք համարում:


-Եթե ես ինձ կաշկանդված մարդ համարեի, չէի նստի հայրենական հեռուստաընկերությունների ժյուրիի անդամ: Ես, եթե նկատել եք, անկաշկանդ մարդ եմ:


-Միգուցե Արթուր Բաղդասարյանինն այս դեպքը չէ, բայց չե՞ք կարծում, որ մեկ-մեկ ժյուրիի անդամները չարաշահում են իրենց լիազորությունները, այսպես ասած, «տժժում» են մասնակիցների վրա, ծաղրում:


-Մի անգամ մեծ «ինտերվյու» կտամ՝ իր ողջ հոգեվերլուծությամբ հանդերձ, թե ինչ է նշանակում ժյուրի-Հայաստան, ծրագիր և «պսիխիկա», որովհետև սա այն թեման չէ, որ այդքան խորանանք։ Այդ տղան, ըստ իս, մի փոքր խնդիրներ ուներ «պսիխիկայի» հետ, դրա համար շատ հումորով եմ անցկացրել, իսկ աղջիկն արդեն ագրեսիվ տրամադրված էր եկել ու վիրավորվել էր իմ` երգը «ստոպ» տալու իրավունքից:


-Ես պրոֆեսիոնալ չեմ, բայց տպավորություն էր, որ աղջիկը լավ երգեց ու Ձեր արձագանքը մի քիչ անհասկանալի է: Կարո՞ղ է՝ Արթուր Բաղդասարյանից էիք նյարդայնացած…


-Չէ, ես այնքան պրոֆեսիոնալ եմ, որ մի եթերից մյուսը, մի մասնակցից մյուսը կարողանամ ինձ տիրապետեմ: Բացի դրանից, մասնակցին ոչ մի վնաս չի հասցվել, ես շատ հանգիստ ընդունել եմ իր ներողությունները:


-Բայց կարծես, Ձեր կոլեգաները այդ կարծիքին չէին, որ նա վատ էր երգում:

 

- Ամեն մեկն ունի իր սուբյեկտիվ կարծիքը, ե ս ունեմ իմը և արել եմ այն, ինչը ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը կարող է անել՝ «ստոպ» տալ երգը:


-Եվս մի հարց, մրցույթի մասնակիցը ի՞նքը պետք է բերեր իր «մինուսովկան» ու իրավունք կա՞ր ակապելա երգելու:


-Ընդհանրապես ակապելա էլ են երգում, այնպես էլ, ու «մինուսովկան» ինքը պետք է բերեր, որովհետև «Շանթ» հեռուստաընկերությունը չի ապահովում մասնակցի գործիքավորումները։


- Իսկ ինչո՞ւ նախալսման պես մի բան չի լինում, եթե նման խայտառակ՝ արդեն զվարճացնելու աստիճան ելույթներ են տեղ գտնում եթերում:


-Ես այդքան խորացված չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ ասել, որ նախագծով նախատեսված է, որ լինում են տենց «էքստրաօրդինար» բաներ:


-Եվ վերջապես, Դուք կապ ունե՞ք Youtube -ում Ձեր և Արթուրի ու Շաքեի զրույցների տեսաձայնագրությունները հանելու հետ: Այսօր արդեն դրանք հանված էին։


-Ե՞ս…. Ես սոցիալական ցանց, «սլաքներ», Tert.am … այնքան հեռու եմ: Ես, ինչպես Սոնա Շահգելդյանն է ասում, այն կարծիքին եմ , որ Youtube -ը ռեժիսոր է: