Samsung-ի շարժական սարքերի պրոցեսորներում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել

20:00 • 18.12.12

Samsung-ի ժամանակակից շարժական սարքերում ապարատային խոցելիություն է հայտնաբերվել, որն օգտագործելով, հնարավոր չարագործները կարող են արմատական (ադմինիստրատորական) մուտք ստանալ դեպի սարք և այնտեղից տվյալներ գողանալ, կամ այն խոցելի դարձնել վիրուսային հավելվածների համար, հաղորդում է Вести.Ru-ն` հղում կատարելով The Verge-ին:


Առաջին խոցելիությունը հայտնաբերել է XDA-Developer.com ֆորումի մասնակիցներից մեկը, ով հայտնել է, որ խոցելի հատված ունի ARM միկրոստրուկտուրան, որը կիրառվում է Samsung-ի 4-րդ սերնդի պրոցեսորների ստեղծման հիմքում:


Խոցելիությունը հայտնաբերած ծրագրավորողի խոսքով՝ գրոհի կարող են ենթարկվել Exynos 4-ով (4412 կամ 4210) համալված սարքերը: Նման պրոցեսորներ են տեղադրված Galaxy S II, Galaxy S III, Galaxy Note 10.1, Galaxy Note II, Galaxy Tab 7.7, ինչպես նաև որոշ այլ արտադրողների սարքերում, ինչպես օրինակ` Cotton Candy-ն, Lenovo K860-ը և Meizu MX 4-Core-ը:


Nexus 10 պլանշետին հայտնաբերված խոցելիությունը չի վերաբերում, քանի որ այնտեղ տեղադրում է առավել ժամանակակից Exynos 5 պրոցեսոր, որը զուրկ է այդ խոցելի կողմից:


Խոցելիությունը հայտնաբերած ծրագրավորողը պնդում է, որ նա կարողացել է էքսպլոյթ մշակել, որը շրջանցում է առաջնահերթությունների համակարգը՝ հնարավորություն տալով ստանալ օպերատիվ հիշողության տվյալները, կամ այնտեղ վնասատու ծրագիր ներդնել:
 

Samsung ընկերությունն այս նորությունը դեռ չի մեկնաբանել:

Samsung-ի շարժական սարքերի պրոցեսորներում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել